16/07/2024 17:50
Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի է. Արարատ Միրզոյան
Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի է, Նյու Յորքում այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` ներկայացնելով ՄԱԿ կայուն զարգացման օրակարգի և նպատակների ու թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող ՀՀ երրորդ կամավոր ազգային զեկույցը։
«Հայաստանի կառավարությունը վճռական է խաղաղության հասնելու իր ջանքերում ինչպես երկրի ներսում, այնպես էլ տարածաշրջանում։ Մենք խորապես հավատում ենք, որ կայուն զարգացման կարելի է հասնել միայն ամուր ժողովրդավարական ինստիտուտների, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության, արդարության ու հասարակության և տարածաշրջանային խաղաղության ամուր հիմքի վրա:
Հավատալով քաղաքացիների ձայնին և ընտրություններին` որպես ներքին քաղաքական ճգնաժամերի լուծման ամենախաղաղ ու քաղաքակիրթ ճանապարհ, 2021 թվականին Հայաստանի կառավարությունը որոշեց անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, անկախ այն ծայրահեղ անվտանգային մարտահրավերներից, որոնց բախվում էր երկիրը։ Հարկ է նշել, որ այդ ընտրությունները միջազգային բոլոր հեղինակավոր դիտորդական առաքելությունների կողմից կրկին գնահատվեցին որպես լիովին ազատ և արդար։ Այդ ընտրությունները վերահաստատեցին, որ Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի է»,- նշել է նա:
Ըստ Միրզոյանի` հիմնվելով ժողովրդի կամքի վրա՝ կառավարությունը շարունակել է կառավարման և դատական համակարգերի խոշոր բարեփոխումները, ժողովրդավարական հաստատությունների և սոցիալական պաշտպանության ամրապնդումը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը. դրանք Հայաստանի առաջնահերթություններից են՝ անկախ արդեն իսկ գրանցված ձեռքբերումներից:
«Հայաստանը հետևողականորեն խթանում է կանանց և աղջիկների իրավունքները, նրանց դերի ամրապնդումն ու ակտիվ մասնակցությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում որոշումների կայացման գործընթացներում՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ազգային մակարդակներում: Նշանակալի է, որ կանայք ղեկավար պաշտոններ են զբաղեցնում օրենսդիր և գործադիր մարմիններում՝ ունենալով շարունակաբար աճող ներկայացվածություն անվտանգության և իրավապահ մարմիններում:
Ժողովրդավարական կայունությունը նույնպես կարևոր դեր է խաղացել կառավարության՝ տարածաշրջանում խաղաղության հասնելուն միտված նախաձեռնությունների նկատմամբ հասարակական ամուր աջակցության ապահովման գործում»,- նշել է Միրզոյանը: