16/07/2024 09:56
«Հրապարակ». Կառավարությունը սխալ հաշվարկներ ու ծրագրավորում է արել. հարկերի հավաքագրման խնդիրը գնալով ավելի է սրվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ կառավարությունը շաբաթներ առաջ շրջաբերական է իջեցրել գրեթե բոլոր գերատեսչություններին՝ պահանջելով իրականացնել բացառապես առաջնային ծրագրերը և հետաձգելով ոչ առաջնայինները։ Կառավարությունը կանգնել է որոշ ծախսեր հետաձգելու փաստի առաջ, քանի որ բյուջեում փող չկա։ Պարզվում է՝ 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի պետական բյուջե է մուտքագրվել նախատեսվածից ավելի քան 100 մլրդ դրամ պակաս հարկ։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, հարկերի հավաքագրման հետ կապված խնդիրը գնալով ավելի է սրվում, կառավարությունը սխալ հաշվարկներ ու ծրագրավորում է արել։ Նախորդ տարի մեծ թվով ավտոմեքենաներ են ներմուծվել Հայաստան՝ ԱՄՆ-ից, Եվրոպայից, այլ երկրներից, և արտահանվել Ռուսաստան, իսկ այս տարի՝ ոչ։ Իսկ բյուջեում հարկերի հավաքագրման հաշվարկն ավտոմեքենաների վերաարտահանման հաշվարկով են արել ու կանգնել փաստի առաջ։ Հարկահավաքման ցածր ցուցանիշները նաև պատճառ են դարձել, որ ՊԵԿ-ը նստել է տարբեր կալիբրի տնտեսվարողների շնչին՝ տուգանքներ են սահմանում անգամ անհեթեթ դրվագներով, որ բյուջե լցնեն։ Գործարարներից ոմանք պատրաստվում են դատի տալ ՊԵԿ-ին»։