17/07/2024 10:18
Իրականացման դեպքում «Չոր նավահանգիստ» նախագիծը կարող է ՀՀ տնտեսության զարգացման լուրջ գործոն դառնա. Տնտեսագետ
Գյումրիում «չոր նավահանգստի» ստեղծումը կարող է կտրուկ խթանել Հայաստանի տնտեսական զարգացումը՝ նպաստելով ժամանակակից արդյունաբերական ներուժի և լոգիստիկայի ձևավորմանը, դրանով իսկ՝ տասնամյակների տնտեսական մեկուսացման վերացմանը: Հայաստանի տնտեսության վրա «չոր նավահանգիստ» նախագծի ակնկալվող ազդեցության և ընձեռող հեռանկարների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» կենտրոնի ավագ հետազոտող, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աննա Փախլյանի հետ:
- Գաղտնիք չէ, որ տրանսպորտային և լոգիստիկ գործոնները զգալիորեն զսպում են Հայաստանի Հանրապետության տնտեսական աճը: Այս առումով «չոր նավահանգստի» տեղակայման համար Շիրակի մարզի ընտրությունը պատահական չէ. տեղանքի ուղիղ հասանելիությունը դեպի երկաթուղիներ, Սև ծովին մոտ գտնվելը և Վրաստանին սահմանակից լինելն այն դարձնում են բնական տարածաշրջանային հանգույց:
Համաշխարհային բանկի հրապարակած Լոգիստիկ արդյունավետության համաթվով (Logistics Performance Index (LPI) Հայաստանը 2023 թվականին 97-րդ տեղում է եղել 160 երկրների շարքում: Լոգիստիկ արդյունավետության համաթվի 6 բաղադրիչներից Հայաստանում առավել խնդրահարույց են միջազգային բեռնափոխադրումները, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների որակը, կազմակերպությունների մատուցած լոգիստիկ ծառայությունների որակը, ինչպես նաև բեռների շարժին հետևելու հնարավորությունները: Արդյունավետ կառավարման դեպքում «չոր նավահանգիստը» կարող է բարելավել Հայաստանի ցուցանիշները վերոնշյալ բոլոր ուղղություններով: Իսկ լոգիստիկ գործընթացների բարելավումն ու ծախսերի կրճատումն անպայման կհանգեցնեն Հայաստանում տնտեսական աճի խթանմանը:
-«Չոր նավահանգիստը» կարո՞ղ է նպաստել Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացմանը: Ինչպե՞ս և ինչի շնորհի՞վ դա կարող է տեղի ունենալ:
- Փոքր տնտեսություն և սահմանափակ ներքին շուկա ունեցող երկրների համար կենսական նշանակություն ունի անխափան մուտքն արտաքին շուկաներ: Իսկ տրանսպորտային ենթակառուցվածքների թերզարգացվածությունն ու լոգիստիկ գործընթացների կազմակերպման անարդյունավետությունը զրոյացնում են երկրի մրցակցային առավելությունները, անգամ, եթե այն արտադրում է համաշխարհային շուկայում մրցունակ և կայուն պահանջարկ վայելող ապրանքների լայն տեսականի: Դեպի ծով ելք չունեցող և հարևան երկրների կողմից տևական տրանսպորտային շրջափակման ենթարկված Հայաստանի պարագայում այդ խնդիրն ավելի նշանակալի է դառնում:
Այս իմաստով, Շիրակում «չոր նավահանգստի» (Գյումրու լոգիստիկ կենտրոնի) ստեղծումն, ինչ խոսք, դրական կանդրադառնա բեռնման-բեռնաթափման և փոխադրվող բեռների մաքսային ձևակերպման գործընթացներին և ավտոմոբիլային կամ երկաթուղային ճանապարհով Վրաստանի ծովային նավահանգստի հետ կապի ապահովման շնորհիվ կմեծացնի մատակարարման շղթաների առանձին օղակների արդյունավետությունը: Այդուհանդերձ, դա մեծապես կախված է տարանցման պայմաններից և մոտակա նավահանգիստների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների բնույթից: Օրինակ, Հայաստանի համեմատ՝ Ադրբեջանը 50 տոկոսով քիչ է վճարում Վրաստանի երկաթուղային ենթակառուցվածքներից օգտվելու համար: Դա արդեն տարանցման փուլում նվազեցնում է Հայաստանի մրցակցային հնարավորությունները:
Նշեմ նաև, որ Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացման նախադրյալ կարող է դառնալ Գյումրիի լոգիստիկ կենտրոնն ազատ տնտեսական գոտի դարձնելը և տեղում արտահանմանը միտված արտադրություններ հիմնելը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։