17/07/2024 13:14
ՀՀ-ն մեծ ձեռքբերումներ ունի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում․ ԵՄ պատվիրակության ղեկավար
Հայաստանը մեծ ձեռքբերումներ է գրանցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, այդուհանդերձ, դա չի նշանակում, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են․ անհրաժեշտ է համոզված լինել, որ Հայաստանի ինստիտուտները համապատասխանում են քաղաքացիների պահանջներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նման կարծիք է հայտնել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շնորհանդեսի ընթացքում։
«Մարդու իրավունքները բոլորի մասին են, մարդու իրավունքները գործընկերության մասին են։ Դա պետք է լինի մի գործընթաց, որը միավորում է մեզ», - բացման խոսքում ասել է Վասիլիս Մարագոսը՝ կարծիք հայտնելով, որ շատ կարևոր է հասկանալ, թե որքան մեծ նշանակություն ունի մարդու իրավունքների վերաբերյալ հարցերի շուրջ համատեղ աշխատանքը, և, միևնույն ժամանակ, համոզված լինել, որ Հայաստանի ինստիտուտները նվիրված են ժողովրդավարությանը, այդ ինստիտուտների կարողությունների հետագա զարգացմանը և համապատասխանում են քաղաքացիների պահանջներին։
Նա նշել է, որ վերոնշյալ դիտարկումները Եվրոպական միության հետ գործընկերության պահանջներ են։ Նրա խոսքով՝ Եվրոպական միությունն աջակցում է մարդու իրավունքների պաշտպանությանը ոչ միայն ամբողջ աշխարհում և շատ այլ գործընկեր երկրներում, այլև այդ ոլորտը գտնվում է Հայաստանի և ԵՄ-ի գործընկերության կենտրոնում։
«Հայաստանը շատ ձեռքբերումների է հասել այս ոլորտներում, սակայն դա չի նշանակում, որ աշխատանքն ավարտված է։ Ահա թե ինչու ենք մենք շարունակում աշխատել միասին», - շեշտել է Մարագոսը՝ հավելելով, որ շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի բոլոր համապատասխան ինստիտուտները և մասնագիտական շրջանակները ներգրավված լինեն այս գործընթացում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։