17/07/2024 10:08
Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ վերջին զարգացումները
Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՄԱԿ կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ ծրագրերի իրականացանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի կողմից Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման ընթացքին, ՀՀ ԱԳ նախարարի կողմից ներկայացված երրորդ կամավոր ազգային զեկույցին։ Մտքեր են փոխանակվել «2030թ. օրակարգի» նպատակներին հասնելու ուղղությամբ ՄԱԿ ԵՏՀ հետ համագործակցության հնարավորությունների շուրջ, այդ թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքների, վերականգնվող էներգետիկայի, կանաչ տնտեսության, շրջակա միջավայրի, ճանապարհային անվտանգության ապահովման բնագավառներում:
Արարատ Միրզոյանը և Տատյանա Մոլչանը քննարկել են նաև բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի շրջանակներում փոխգործակցության առաջնահերթությունները։
ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ վերջին զարգացումները։