17/07/2024 09:29
«Հրապարակ». Ինչու է «Կիպրական ավիաուղիները» հեռացել հայկական ավիաշուկայից
«Հրապարակ» թերթը գրում է. ««Կիպրական ավիաուղիները», որոնք վերջին տարիներին հատկապես ամռան ամիսներին ամենաթրենդային թռիչքներն են իրականացրել, մասնավորապես՝ Երևան-Կիպրոս, մոտ 2 ամիս է՝ հեռացել են հայկական ավիաշուկայից։ Որոշ տեղեկություններով՝ վարձավճարները թանկացրել են, ընկերությունն էլ հրաժարվել է թռիչքներ իրականացնել։ Սրա պատճառով մեծ վնասներ են կրել նաև տուրիստական որոշ ընկերություններ, որոնք զբաղվել են այդ ուղղությամբ քաղաքացիների հանգստի պլանավորմամբ, ավիատոմսերի ամրագրմամբ, շատերը ստիպված են եղել փաթեթները չեղարկել և սեփական գրպանից գումարները վերադարձնել քաղաքացիներին կամ էլ թռիչքը տեղափոխել են Wizz Air-ով։ Նշենք, որ «Կիպրական ավիաուղիների» ներկայացուցիչը Հայաստանում «Լաքշերի վոյաժն» է:
Ընկերության հեռախոսահամարները, սակայն, երեկ անհասանելի էին, իսկ «Զվարթնոցից» մեզ ուղղորդեցին Քաղավիացիայի կոմիտեի կողմը։ «Ավիաընկերությունների հետ կապված թռիչքների հաստատում և այլն, ամբողջական գործընթացն իրականացնում է կոմիտեն»,- ասաց մամուլի պատասխանատուն: Այսինքն՝ «Կիպրական ավիաուղիները» մի քանի ամիս է՝ թռիչքներ չե՞ն իրականացնում։ «Ճիշտն ասած, բոլոր ավիաընկերությունների մոտ ամառ-ձմեռ սեզոնային է․․․ ավելի ճշգրիտ տեղեկություններ հենց ավիաընկերությունից կարող եք ստանալ, իսկ ներկա պահին ունի՞ թույլտվություն՝ չվերթներ իրականացնելու, թե ոչ՝ Քաղավիացիայի կոմիտեից»»։