17/07/2024 09:35
«Հրապարակ». Հանրային Ռադիոյի տնօրենի մրցույթին 8 թեկնածու է դիմել. ով է իշխանությունների «սրտի թեկնածուն»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռարձակողների խորհուրդը, ամփոփելով ռադիոյի տնօրենի մրցույթին ներկայացված դիմումները, երեկ հայտարարեց, որ 8 թեկնածու է դիմել։ Սա երկրորդ փորձն է: Դիմումների վերջնաժամկետը հուլիսի 15-ն էր, արդյունքները կամփոփվեն հուլիսի 29-ին: Դիմել են` ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը, ով հայտնվեց իշխանության սև ցուցակում՝ Փաշինյանի` Հանրային Ռադիոյին տված հարցազրույցը քննադատելու համար:
Դիմել են նաև Բելլա Հովհաննիսյանը, ՀՌ աշխատակիցներ Մհեր Մարգարյանը, Նազելի Օհանյանը, Միքայել Յալանուզյանը, ով «Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի orbeli.am կայքի խմբագիրն է: «Հրապարակ» օրաթերթի երկարամյա թղթակից Լուսինե Պետրոյսանը, հեռուստատեսության երկարամյա աշխատակից Հակոբ Ռուբինյանը, ով «Արմենիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Հակոբ Ռուբինյանի հետ» թոք-շոուի հեղինակն ու վարողն էր, և «Ազատություն» ռադիոկայանի երկարամյա աշխատակից Արմեն Քոլոյանը, ով էլ իշխանությունների «սրտի թեկնածուն» է և հին նիկոլական»։