17/07/2024 17:28
Հաճախորդների մոլորեցո՞ւմ, կառավարման ճգնաժա՞մ. ինչպես է «Ինգո Արմենիան» փորձում շրջանցել արևմտյան պատժամիջոցները. Փաստինֆո
«Փաստինֆոն» գրում է.
«Ռուսաստանի դեմ կիրառված արևմտյան պատժամիջոցներն ուղղակիորեն ազդել են նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության վրա՝ ստեղծելով լուրջ խնդիրներ ոչ միայն ընկերության, այլև նրա ֆիզիկական և կորպորատիվ հաճախորդների համար։
Ինչ եղավ
«Ինգոսստրախ» ապահովագրական ընկերությունը դեռ 2003-2004թթ. ձեռք է բերել ՀՀ-ում գործող «Ինգո Արմենիա»-ի բաժնետոմսերի 75 տոկոսը (Բաժնետոմսերը գնել է Ռուսաստանում գրանցված «Ինվեստ-Պոլիս» ՓԲԸ-ն է, որին ամբողջությամբ պատկանում է Ռուսաստանում գրանցված «Ինգոսստրախ» ԱԲԲԸ-ին)։
Իսկ սա նշանակում է, որ արևմտյան պատժամիջոցներն ազդում են նաև «Ինգո Արմենիա» ընկերության վրա։ Թեմային ավելի վաղ անդրադարձել «Հետք» պարբերականը, նաեւ «Փաստինֆո»-ն՝ արձանագրելով, որ արտերկրում խնդիրներ են առաջանում այս ընկերության ապահովագրությունների հետ։
Ինչպես են ազդում արեւմտյան պատժամիջոցներն ապահովագրական ընկերության վրա
Այստեղ գլխավոր խնդիրը վերաապահովագրությունն է։ Դեռևս 2023թ․ մարտին Եվրամիությունը հրապարակեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթը։ Պատժամիջոցների ներքո հայտնված ընկերությունների ցանկում էր նաև Ռուսաստանի ազգային վերաապահովագրական ընկերությունը։
Ինչու՞ է կարևոր վերաապահովագրությունը. վերաապահովագրության միջոցով ապահովագրական ընկերությունը իր ստանձնած ռիսկերի մի մասը փոխանցում է այլ՝ Վերաապահովագրական ընկերությունների։ Դա հնարավորություն է տալիս խուսափել հետագա ֆինանսական խոշոր կորուստներից, պահպանել ընկերության ֆինանսական կայունությունը, ստանձնած ռիսկերը ճիշտ կառավարել։ Այլապես ֆինանսական խոշոր հատուցման պարտավորությունը կարող է ընկերությունը ծանր իրավիճակի հասցնել, այսինքն՝ հաճախորդն էլ հատուցում չստանալու ռիսկի առաջ է հայտնվում։
«Ինգո Արմենիան» փորձու՞մ է շրջանցել պատժամիջոցները
Ապահովագրական նոր ընկերության հիմնադրումից հետո մեկ օրում «Ինգո Արմենիա»-ից նոր ընկերություն տեղափոխվեց ամբողջ ղեկավար կազմը և 180 աշխատակից՝ «Ինգո Արմենիա»-ում առաջացնելով կառավարման և սպասարկման ճգնաժամ։ Վերևում մատնանշված «Հետքի» հոդվածում նաև այս հարցին է մանրամասն անդրադարձ արվել՝ ողջամիտ կասկած հայտնելով, որ ապահովագրական նոր ընկերության հիմնադրումը, «Ինգո Արմենիա»-ի ապահովագրական պորտֆելի մեծ մասն աստիճանաբար այդ ընկերություն տեղափոխելով՝ փորձ է արվում շրջանցել արևմտյան պատժամիջոցները։
Այստեղ մի մեծ հարց էլ կա՝ արդյոք ստեղծված իրավիճակը չի՞ մտահոգում վերահսկող մարմնին՝ Կենտրոնական բանկին։ Ինչպե՞ս են կառավարվելու կամ վերահսկվելու ներկայում առկա ռիսկերը»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։