17/07/2024 09:50
«Հրապարակ». Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Գագիկ Խաչատրյանի՝ ԱՄՆ-ում գտնվող գույքը բռնագրավելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեային և կրկին «հատուկ շնորհակալություն հայտնել» ԱՄՆ իրավասու մարմիններին՝ «ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող, ԱՄՆ-ում գտնվող գույքը բռնագրավելու որոշման համար»:
Դատախազությունը հաղորդել է. «Հիշեցնենք, որ ԱՄՆ դատարանի որոշմամբ՝ հաստատվել է հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող՝ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան բռնագրավման և ամենաբարձր շուկայական արժեքով վաճառելու մասին համաձայնությունը»: Մինչդեռ հայտնի է, որ Խաչատրյանների ընտանիքն իր հոժար կամքով է համաձայնել, որ գույքը վաճառվի և բաժանվի 2 մասի` իրենց և Հայաստանի միջև»։