18/07/2024 18:40
Քննարկվել է եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի և Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանի հետ:
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, հանրակրթության վարչության ներկայացուցիչները:
Նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության քաղաքականությամբ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ազգային փոքրամասնություններին, մասնավորապես՝ եզդիական համայնքի կրթական և մշակութային խնդիրներին:
Ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվի դասագրքերը տպագրվում և սովորողներին տրամադրվում են պետության միջոցներով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մանկավարժական որակավորում տալու նպատակով ՀՀ բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու, ծրագրերի մշակման, կադրերի՝ դասավանդողների պատրաստման և վերապատրաստման, ինչպես նաև նպատակային ուսուցման կարգով ուսանողների ներգրավման վերաբերյալ հարցեր:
Գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով, նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկել է ձևավորել աշխատանքային խումբ, որը, համագործակցելով ԲԳԿ-ի հետ, կաշխատի կրթական ծրագրի կազմման և մշակման ուղղությամբ: Գործընթացի արդյունավետության առումով, ըստ նախարարի, անհրաժեշտ է աշխատանքներում ներգրավել կամավոր ատեստավորումից բարձր արդյունքներ ցուցաբերած եզդիերենի ուսուցիչներին, որոնք ներկա պահին աշխատում են մի շարք հանրակրթական դպրոցներում:
Նախարարը շեշտել է, որ ձևավորվող աշխատանքային խումբը, համագործակցելով եզդիական համայնքի հետ, կմշակի առաջարկներ եզդիերենի ուսուցման ամբիոնի ստեղծման վերաբերյալ: