18/07/2024 12:28
ՆԳՆ-ն պետական ծառայությունների մատուցման առաջնագծում է․ Արփինե Սարգսյան (Տեսանյութ)
Հուլիսի 17-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի մեկնարկի միջոցառմանը:
ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը, ՄԱԿ-ի գրասենյակներին՝ արդյունավետ և շոշափելի արդյունքներ երաշխավորող համագործակցության համար։
«Ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում թե՛ հանրային մեծ ակնկալիքը, թե՛ Կառավարության վճռորոշ կամքը թույլ են տվել մի շարք արձանագրումներ իրականացնել այս ոլորտում։ Մենք ունեցել ենք ՀՀ ներքին անվտանգության լանդշաֆտում նոր դերակատարի՝ ժողովրդավարական նոր ինստիտուտի ձևավորում՝ ի դեմս ՆԳ նախարարության, որը չափազանց կարևոր նվաճում է, և սա իրականություն է դարձել թե՛ մեր միջազգային գործընկերների, թե՛ քաղաքացիական հասարակության մեր սիրելի գործընկերների, թե՛ պետական վերաբերելի բոլոր մարմինների, թե՛ նաև հանրության յուրաքանչյուր անդամի ներդրած ջանքի և նվիրվածության արդյունքում»,-ասել է Արփինե Սարգսյանը։
ՆԳՆ ստեղծմամբ ոստիկանության բարեփոխումների շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման համատեքստում Սարգսյանն ընդգծել է, որ կարևոր սկզբունք է ոստիկանական ամենօրյա գործողությունների, այդ թվում՝ հարկատուների հաշվին ոստիկանության կողմից ծախսվող ռեսուրսների հաշվետվողականության շրջանակներում ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցչական մարմնի՝ Ազգային ժողովի վերահսկողության ներքո գտնվելը։
Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ՆԳ նախարարությունը պետական ծառայությունների մատուցման առաջնագծում է, և այդ ծառայությունների մատուցման ոլորտում քաղաքացիակենտրոն մշակույթի ամրապնդումը թույլ կտա արձանագրել մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ կայացվածություն։
Ողջունելով Մարդու իրավունքների պաշտպանի ընդգծումը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված առաջընթացի վերաբերյալ՝ Արփինե Սարգսյանը մատնանշել է նաև վերհանված խնդիրները, որոնք նախարարության կողմից հասցեագրվել են և Ծրագրի շրջանակում կստանան առավել թիրախային լուծումներ։ Նա կարևորել է հատկապես մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմի հենքով ոլորտային փոփոխությունների կազմակերպումն ու իրականացումը։
Արփինե Սարգսյանն անդրադարձել է ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում արձանագրված ձեռքբերումներին, այդ թվում՝ պարեկային ծառայության ներդրմանը, ինչը նոր մեթոդաբանությամբ ծառայության մատուցման ուղղությամբ կարևոր նվաճում է։
Փոխնախարարը հավելել է, որ ոստիկանությունը՝ որպես ժողովրդավարական ինստիտուտ, մշտապես պետք է գտնվի ինչպես քաղաքացիական վերահսկողության, այնպես էլ տարբեր վերահսկողական գործիքակազմերի ներքո, իսկ ոլորտային յուրաքանչյուր փոփոխություն պետք է լինի հասարակության պահանջից բխող գործողությունների արդյունք։
Ելույթ են ունեցել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը ներկայացրել են արձանագրված ձեռքբերումները, անդրադարձել են Ծրագրի առաջնահերթություններին ու տեսլականին։
Ներկա էին միջազգային կազմակերպությունների, շահագրգիռ նախարարությունների ու պետական կառույցների ներկայացուցիչներ։
Ծրագիրը շարունակում է զարգացնել ԵՄ կողմից ֆինանսավորված և ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆՒՍԵՖ-ի, ՄԱԲՀ-ի և ԵԱՀԿ-ի կողմից 2021-2024 թթ. իրականացված «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի արդյունքները։
Ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ամրապնդմանը, շահագրգիռ հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների և ռազմավարական հաղորդակցության կատարելագործմանը։
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել Ծրագրի ստորագրման հանդիսավոր արարողություն։