19/07/2024 15:15
Microsoft-ի խնդիրներն ամբողջ աշխարհում հանգեցրել են չվերթերի չեղարկման և հեռուստաալիքների աշխատանքի խափանումների
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գլոբալ տեխնիկական խնդիրների հետևանքով ամբողջ աշխարհում խափանվել է ավիաընկերությունների և օդանավակայանների աշխատանքը, այլ ոլորտներում ևս նկատվում են տեխնիկական խնդիրներ, այս մասին հայտնում են լրատվամիջոցները։
Ըստ CNN-ի՝ ԱՄՆ-ում դադարեցրել են աշխատանքը խոշորագույն ավիաընկերությունները, որոնց թվում են United Airlines-ը, Delta Airlines-ը և American Airlines-ը: Նրանք հայտնել են կապի հետ կապված խնդիրների մասին: Հուլիսի 18-ին CNN-ը հայտնել էր, որ Microsoft-ի խնդիրների պատճառով Frontier ավիաընկերությունը մի քանի ժամով դադարեցրել էր թռիչքները՝ չեղարկելով 131 չվերթ, հետաձգելով 223-ը։
Բրիտանական Sky News հեռուստաալիքը չի կարողացել եթեր դուրս գալ, խնդիրներ ունի բրիտանական խոշորագույն երկաթուղային օպերատորը։ Ավստրալիայում խնդիրներ կան բջջային օպերատորների, բանկերի և ավիաընկերությունների հետ: Նման խնդիրների մասին են հայտնել նաև Ուկրաինայում։
Նշվում է, որ խափանման պատճառը անվտանգության համար պատասխանատու Crowdstrike ընկերության ծրագրային ապահովման թարմացման մեջ առկա ծրագրային սխալն է։