19/07/2024 10:15
Փաշինյան-Ալիև հանդիպման տապալումն ուղիղ կապված է հուլիսի 1-ին նախատեսված երկու երկրների միջև կանոնակարգերի շուրջ համաձայնության ձախողման հետ․ Աբրահամյան
Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպման տապալումն ուղիղ կապվածություն ունի հուլիսի 1-ին նախատեսված երկու երկրների միջև կանոնակարգերի շուրջ համաձայնության ձախողման հետ։ Այդպես է կարծում ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ պատգամավորի՝ նվազագույնը 3 խնդիր կա, որոնք կա´մ առանձին կա´մ 3-ը միասին ազդել են երկկողմ օրակարգի ձևավորման և դրա հիման վրա հանդիպում կազմակերպելու վրա:
«Առաջինը, ինչպես նշեցի, սահմանազատման հետ կապված խնդիրներն են, իսկ ավելի կոնկրետ` այն քայլերի հաջորդականությունն ու մոտեցումները, որոնք մինչև այս պահը չեն համաձայնեցվել, չնայած՝ կար նախապես սահմանված ժամկետ:
Երկրորդ, Ադրբեջանի` վերջին շրջանում ակտիվ առաջ տարվող ՀՀ սահմանադրության փոփոխության հարցը, որի վերաբերյալ ՀՀ իշխանությունը նշում է, որ փոփոխության անհրաժեշտություն տեսնում է, սակայն փորձում է ցույց տալ, թե դա ադրբեջանական պահանջով չէ:
Երրորդ, տարածաշրջանային կոմունիկացիաների թեման շարունակում է օրակարգում մնալ, իսկ դրա` տարբեր սցենարներով հանգուցալուծման հարցը, ոչ միայն ռեգիոնալ, այլ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների ուշադրության և ուղիղ միջամտության դաշտում է:
Չնայած այս գործոններին, չի բացառվում, որ մոտ ապագայում երկկողմ հանդիպում, այնուամենայնիվ, կայանա, որովհետև ՀՀ իշխանությունը բազմաթիվ նման իրավիճակներում ոչ միայն ընկրկել է, այլև դիրքորոշումների առումով` գնացել լուրջ նահանջների», - գրել է նա: