19/07/2024 12:54
Գոհար Գասպարյանի 100-ամյակին նվիրված համերգ՝ համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, իր 99-րդ համերգաշրջանը կեզրափակի Պուչչինիի ‹‹Բոհեմ›› օպերայի համերգային կատարմամբ, որը նվիրված է «Հայաստանի սոխակ» Գոհար Գասպարյանի 100-ամյակին:
Միջոցառումը տեղի կունենա հուլիսի 24-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հանդես կգան սոպրանոներ Քրիստինա Մխիթարյանը (Միմի), Նինա Մինասյանը (Մյուզետ), տենոր Լիպարիտ Ավետիսյանը (Ռուդոլֆո), բարիտոններ Գուրգեն Բավեյանը (Շոնար), Բոգդան Բաչուն (Մարչելլո) և բաս Եվգենի Ստավինսկին (Քոլեն): Նրանք զարդարել են այնպիսի բեմեր, ինչպիսիք են՝ Լոնդոնի թագավորական Քովենթ գարդենը, Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Վիեննայի պետական և այլ հեղինակավոր օպերային թատրոնները:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ բեմում կլինեն Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան) և Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան): Օպերայի համերգային կատարումը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը:
«Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում հուլիսի 22-ից այցելուների համար բաց կլինի Գոհար Գասպարյանին նվիրված ցուցադրությունը, որտեղ տեղ կգտնեն բացառիկ ցուցանմուշներ լեգենդար օպերային երգչուհու անձնական արխիվից: Ցուցադրությունն անվճար է: