19/07/2024 15:35
Կրակոցներ` Արարատի մարզում․ հանցագործության գործիք ինքնաձիգն ու կրակողը հայտնաբերվել են
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 16-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դալար գյուղում կրակոցներ են հնչել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունը ճշտելու նպատակով ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից՝ բաժնի պետ Գոռ Մանուկյանի գլխավորությամբ, ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և ժամերի ընթացքում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։
Ոստիկանները մեկնում են Դալար գյուղ և տեղում ճշտում են, որ այդ օրը՝ գիշերը ժամը 01։00-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Արա Կարապետյանը Հ․ Մանուկյան փողոցի 94 հասցեի դիմաց իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել. բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ վնասը եղել է նյութական։
Տեղում փաստերի ճնշման և տարված բացատրական աշխատանքների արդյունքում նա ոստիկաններին խոստովանել է, որ կրակոցները ինքն է արձակվել, քանի որ իր վրա թափառող շներ են հարձակվել, որի ժամանկ ինքը կրակոցներ է արձակել, իսկ հետո վախեցել է և ինքնաձիգը նետել է դեպքի վայրի հարակից տարածքում։ Ոստիկանները որոնողական աշխատանքի արդյունքում հայտնաբերել են հանցագործության գործիք ինքնաձիգը, ինչպես նաև դեպքի վայրում հայտնաբերել են կրակված պարկուճներ։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։