19/07/2024 13:38
Բիզնես առաջնորդությունն իրերի ինտերնետի (IoT) ու թվային վերափոխման դարաշրջանում․ Լուսանկարներ
Տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհում արդյունավետ առաջնորդությունը գնալով ավելի կարևոր է դառնում ընկերությունների հաջողության համար: ՏՀՏ և ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարները պետք է պատրաստ լինեն արագ արձագանքելու փոփոխություններին, նորամուծություններին և խնդիրներին, որոնք կարող են առաջանալ բիզնես գործունեության ժամանակ։
Viva ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, որը մեծ փորձ ունի տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում՝ Հայ-ռուսական համալսարանի և Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի հետ կազմակերպած «Ժամանակակից անլար համակարգեր, IoT և ցանցեր» խորագրով ամառային ինժեներական դպրոցի շրջանակում հանդես եկավ դասախոսությամբ, որտեղ խոսեց IoT-ի (իրերի ինտերնետի) ոլորտի մասին, ներկայացրեց ներդման պրակտիկ օրինակներ, ինչպես նաև ներկայացրեց թվային վերափոխման դարաշրջանում բիզնես առաջնորդության մոդելը։ Թվայնացումն իր հետ բերում է բիզնես մոդելների ու գործընթացների փոփոխություն՝ հանգելով ավելի մեծ՝ սոցիալ-տնտեսական, հասարակական և այլ փոփոխությունների:
«Թվային փոխակերպումը պահանջում է զգալի մարդկային ռեսուրսներ, որոնք կարող են կառավարել նորագույն տեխնոլոգիաները և գործընթացները: Այս փոխակերպման առանցքային ասպեկտներից մեկն Իրերի ինտերնետն է (IoT), որը տվյալների փոխանակման համար թույլ է տալիս ֆիզիկական սարքերը միացնել մեկ ցանցի: Այս համակարգերի մշակման, ներդրման և պահպանման համար անհրաժեշտ են հմուտ մասնագետներ՝ մեծացնելով նոր հմտությունների և կարողությունների պահանջարկը: Այս գործընթացի կարևորությունը դժվար է գերագնահատել, քանի որ այն հիմք է ստեղծում արհեստական բանականության հետագա զարգացման համար, որն էլ իր հերթին կարող է զգալիորեն բարելավել բիզնես գործընթացներն ու կյանքի որակը։ Այսպիսով, թվային փոխակերպումը, որը խթանում են IoT-ն ու հմուտ թիմը, առանցքային դեր է խաղում գլոբալ մակարդակում նորարարության առաջմղման և մրցունակության հարցում: Նման փոփոխությունները ոչ միայն տեխնոլոգիական գործընթաց են, այլ նաև գործընթաց, որը կախված է նրանցից, թե ովքեր են այն իրականացնում: Առաջնորդը և առաջնորդությունն այդ փոփոխությունների կարևոր տարրերն են: Կարևոր է նաև, որ նոր բիզնես մոդելներն ու գործընթացները հանգեցնեն նաև բիզնես մշակույթի հիմնարար փոփոխությունների՝ զգալի ազդեցություն ունենալով սոցիալ-տնտեսական միջավայրի վրա, ինչը նույնպես պետք է պարզ լինի առաջնորդին և ծառայի որպես նոր բիզնես մտածողության հիմք: Այսօրվա հանդիպման թեման բիզնեսի և առաջնորդության այս ասպեկտներն են՝ տեսական հիմքերը՝ հիմնված տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում իրական դեպքերի գործնական քննարկումների վրա»,- ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։
Դասախոսության ընթացքում գլխավոր տնօրենը ներկայացրեց հիմնադրման օրվանից ի վեր Viva-ի կողմից իրականացրած ծրագրերը՝ ուղղված Հայաստանում IoT-ի զարգացմանը։
Viva-ն իրականացնում է «Narrow Band IօT» ցանցի կոմերցիոն փորձնական շահագործում: Այս նեղաշերտ ռադիոհաճախականության տեխնոլոգիան հատուկ ստեղծված է «Իրերի ինտերնետ»-ի (Internet of Things, կրճատ՝ IoT) համար: «Narrow Band IօT» ցանցը նախատեսված է բջջային ցանցերին ինքնավար տարբեր սարքեր ու սարքավորումներ միացնելու համար:
Իսկ 2019 թվականից մինչ օրս ուսանողների և ստարտափների համար կրթական ժամանակակից պայմաններ ստեղծելու նպատակով, Viva-ի աջակցությամբ՝ ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով, բուհում բացվել է ՏՀՏ 11 լաբորատորիա։ Դրանցից մեկն ունի IoT ուղղվածություն: