21/07/2024 12:00
Հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը ցույց է տալիս բարձր ինտենսիվության միջավայրում համագործակցելու և գործելու կարողությունը. ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարություն
ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարությունը լուսանկարներ է հրապարակել հայ-ամերիկյան «Eagle Partner 2024» զորավարժություններից:
«Այս զորավարժությունը ցույց է տալիս բարձր ինտենսիվության միջավայրում համագործակցելու և գործելու կարողությունը՝ միաժամանակ բարձրացնելով պատրաստականությունը, արձագանքողությունը և փոխգործունակությունը»,-ասված է X-ի միկրոբլոգի հրապարակման մեջ:
Հիշեցնենք` հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։
Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:
Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։
Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը:
Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:
Զորավարժությունը կավարտվի հուլիսի 24-ին: