22/07/2024 14:40
Եվրոպական ինտեգրման օրակարգը Հայաստանում հարուցվել և առաջնորդվել է գործող իշխանությունների կողմից. այդպես էլ շարունակվելու է. Արսեն Թորոսյան
Եվրոպական ինտեգրման օրակարգը մեր երկրում հարուցվել և առաջնորդվել է գործող իշխանությունների կողմից և այդպես էլ շարունակվելու է, այս մասին հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը:
«Երբ հաճախ շեշտում ենք, որ եվրոպական ինտեգրումը ավելի շատ լուռ և հետևողական աշխատանք է պահանջում, քան թե պարզապես հայտարարություններ, եվրոպական ինտեգրմանը կողմ որոշ գործընկերներ մեզ մեղադրում են հապաղելու մեջ։
ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի այսօրվա որոշումը Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու, ինչպես նաև՝ Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքի ներքո աջակցություն տրամադրելու վերաբերյալ, հենց այդպիսի աշխատանքի արդյունք է, որը հիմնականում իրականացվել է վերջին տարիներին և շատ ավելի ինտենսիվ վերջին ամիսներին ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունը ներկայացնող մեր բազմաթիվ գործընկերների կողմից:
Եվրոպական ինտեգրման օրակարգը մեր երկրում հարուցվել և առաջնորդվել է գործող իշխանությունների կողմից և այդպես էլ շարունակվելու է: Դեռ շատ անելիք կա տարատեսակ ուղղություններով` բազմաթիվ բարեփոխումներ, արտադրանքի որակի բարձրացում և այլն, որոնք հետևողական պետք է իրականացվեն, որպեսզի ի վերջո հասնենք թե՛ վիզաների ազատականացմանը, թե՛ ԵՄ ինտեգրման ավելի բարձր մակարդակների»,- նշել է նա: