22/07/2024 15:45
Ռանչպար գյուղում 18-ամյա աղջիկը դանակով հարվածել է 17-ամյա երիտասարդին
Հուլիսի 22-ի գիշերը` ժամը 01.20-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Ռանչպար գյուղի 17-ամյա բնակիչ:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 21-ին` ժամը 20:00-ի սահմաններում, Ռանչպար գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ 17-ամյա երիտասարդին խոհանոցային դանակով հարվածել է Ռանչպար գյուղի 18-ամյա բնակչուհին:
Մասիսի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է բաժին և ձերբակալվել, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են: