22/07/2024 12:18
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի վարչապետի գրասենյակի համակարգողին ներկայացրել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ կարգավորման գործընթացների ներկա փուլը
Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկում Հունաստանի վարչապետի գրասենյակի համակարգող Յաննիս Պապագեորգիուին։
Տիգրան Մկրտչյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, անդրադարձել է ՀՀ վարչապետի՝ այս տարվա փետրվարին Հունաստան կատարած աշխատանքային այցին,երկու ղեկավարների հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։
ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական մարտահրավերները, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կարգավորման գործընթացների ներկա փուլը։
Յաննիս Պապագեորգիուն իր հերթին, ընդգծել է, որ Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունները Հունաստանի համար ունեն առանձնահատուկ կարևորություն: Նա նշել է Սալոնիկում հայ համայնքի դարավոր ներկայությունը և կարևոր դերակատարությունը քաղաքային կյանքի բոլոր ոլորտներում։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերի զարգացմանն առնչվող մի շարք նախաձեռնություններ։