22/07/2024 09:42
Գյումրիում կնոջ են սպանել, դին փորձել են պահել ճամփորդական պայուսակի մեջ. բացառիկ մանրամասներ
Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ սպանություն է տեղի ունեցել Գյումրիում։
Հուլիսի 21-ին իրավապահներին է ահազանգել Գ. Հ-ն եւ հայտնել է, որ ինքը գտնվել է ՌԴ-ում և երկար ժամանակ քրոջից տեղեկություն չի ունեցել, առավոտյան վերադառնալով, դուռը կոտրել է, ներս մտել և տանը հայտնաբերել է քրոջ դիակը։ Իրավապահները շտապել են դեպքի վայր ու տան հյուրասենյակի հատակին հայտնաբերել Վ.Հ-ի նեխած դիակը, ով փետրվարի 8-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից որոնվում էր որպես հարազատների հետ կապը կորցրած անձ։
Հուլիսի 21-ին ՀՀ քննչական Կոմիտեում ՀՀ քր. օր. 155 հոդվածով՝ սպանություն, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այսքանով, սակայն, ամեն ինչ չի ավարտվել։ Ավելի ուշ ոստիկանները Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղում գտնվող տնից հայտնաբերել և ժ.01.40-ին սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալել ու բաժին են տեղափոխել Վ.Պ-ին, որտեղ վերջինս խոստովանել է, որ 2023թ. ապրիլի վերջին, մայիսի սկզբին, գտնվելով Վ.Հ-ի տանը, երեկոյան անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքերով մի քանի անգամ հարվածել է նրա դեմքին, ինչի հետևանքով վերջինիս քթից սկսել է արյուն հոսել, որից հետո նրան պառկեցրել է բազմոցին և քնել, առավոտյան 6-ի սահմաններում արթնանալով՝ նկատել է, որ Վ.Հ-ն մահացել է և փորձել է նրան տեղավորել ճամփորդական պայուսակի մեջ ու տեղափոխել այլ վայր, սակայն չկարողանալով տեղավորել, Վ․Հ-ի վրան գցել է վերմակ և տնից վերցնելով նրա 2 բջջայինը, տան և բակի դռները բանալիով փակելով՝ ժ.06.30-ին հեռացել է։
Վերջինիս ձերբակալել են, կատարվում է քննություն։