23/07/2024 17:00
«Մարտի 1-ի» գործով Ռոբերտ Քոչարյանին և նախկին պաշտոնյաներին առաջադրված մեղադրանքը պետք է վերաորակվի. ՍԴ-ն այդպես է որոշել, բայց այն դեռ պաշտոնապես չի հրապարակել
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դեռ ծանոթ չեն սահմանադրական դատարանի որոշման հետ, որով մասնակի բավարարվել է վճռաբեկ դատարանի դիմումը։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ ՍԴ որոշումը դեռ պաշտոնապես չի հրապարակվել։
«1Lurer.am-ը երեկ հայտնել էր, որ Սահմանադրական դատարանը մասամբ բավարարել է Վճռաբեկ դատարանի դիմումը: Մասնավորապես՝ ՎԴ-ն «Մարտի 1-ի» վարույթով անցնող 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով դիմել էր բարձր դատարան՝ միջնորդելով որոշել Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Խնդիրը 1998-ին ընդունված, այժմ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի 3-րդ մասն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը:
Բարձր դատարանը որոշել է, որ թեև հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը, այն մեկնաբանությամբ, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը հակասահմանադրական ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը մեղադրյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից:
Սա նշանակում է, որ Քոչարյանին և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացված մեղադրանքը պետք է վերաորակվել: Վճռաբեկի դիմումի մյուս մասը մերժվել է»,- գրում է կայքը: