23/07/2024 10:09
«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանն իրեն տեսնում է Գյումրու հաջորդ քաղաքապետ
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանին, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը լայն լիազորություններ է տվել, նա էլ որոշել է կադրային ջարդ անել Գյումրիում՝ դպրոցի պահակից սկսած, նշանակել իր ծանոթ-մտերիմներին։ Նա գյումրեցիների շրջանում ամենաընդունելի իշխանականն է, ուստի 2 ամիս առաջ նշանակվեց ՔՊ-ի Գյումրու կառույցի ղեկավար։ Սարուխանյանի մեծ «չիստկայով» է պայմանավորված անցած շաբաթ Գյումրու ավագանու 5 անդամների` մանդատները դնելու փաստը։ Նոր անդամները Սարուխանյանի մարդիկ են, հրաժարվածները՝ նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանի և Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանի։ Մինչ այդ ՔՊ-ն նիստ է արել, երբ Սարուխանյանը հայտնել է, որ վերաձևելու է ավագանու կազմը՝ վերևից «դաբրո» ունի, «ռազբորկա» է սկսվել Հովհաննես Հարությունյանի և Սարուխանյանի միջև։
Սարուխանյանի «հաղթանակին» նպաստել է նաև այն, որ ավագանու հեռացվող անդամներից 2-ն անցնում են քրգործերով. Աղասի Մաթևոսյանը` Համբարձում Մաթևոսյանի հորեղբորորդին, մեղադրվում է ռուս զբոսաշրջիկներին կողոպտելու մեջ` անցած փետրվարին անգամ 2-ամսյա կալանք կրեց։ Երվանդ Խանամիրյանն էլ 50-ամյա Հ.Մ.-ին հրազենային վնասվածք հասցնելու գործով է անցնում։ Խոսքը հայտնի պատմության մասին է, երբ արհեստավորին շան բունն էին նետել, ծեծել, կրակել։
ՔՊ-ում ասում են, որ Սարուխանյանն իրեն տեսնում է Գյումրու հաջորդ քաղաքապետ և հերթական ընտրություններից 2 տարի առաջ քաղաքում իր դիրքերն է ամրապնդում։ Ի դեպ, մեր աղբյուրներն ասում են, որ ՔՊ-ին հաջողվել է նաև Սամվել Բալասանյանի հետ գալ համաձայնության, որ առաջիկա ԱԺ ընտրություններում իրենց օգտին աշխատի, և չի բացառվում, որ աշնանը անվստահության միջոցով հեռացնեն գործող քաղաքապետին՝ նրան փոխարինելով Բալասանյանի քրոջ դուստր Լուսինե Սանոյանով, ով զբաղեցնում է փոխքաղաքապետի պաշտոնը»։