24/07/2024 10:16
Գեղարքունիքում կառուցվում է Հայաստանի ամենախոշոր արևային կայանը
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի և Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ համատեղ աշխատանքային այց է կատարել Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղի տարածքում կառուցման ընթացքի մեջ գտնվող «Մասրիկ-1» արեւային ֆոտովոլտային կայանի շինհրապարակ:
Շինարարական աշխատանքներն իրականացնող «Shtigen» ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ Գեղարքունիքի մարզում կառուցվում է Հայաստանի ամենախոշոր արևային կայանը, որը զբաղեցնում է 130 հեկտար տարածք և կունենա 62 մեգավատ հզորություն։
Շինարարությունը սկսվել է 2023 թվականի նոյեմբերից, որտեղ ներգրավվել է ավելի քան 130 աշխատակից, այդ թվում՝ Մեծ Մասրիկ բնակավայրից։
«Մասրիկ-1» արևային կայանը տարեկան արտադրելու է 128.332 գեգավատ ժամ էլեկտրաէներգիա, ինչը կբավարարի ավելի քան 20 000 տնտեսության էներգետիկ կարիքները։
«Ի դեպ, այս ցուցանիշը թույլ կտա խուսափել տարեկան ավելի քան 54 000 տոննա ածխաթթու գազի արտանետումից։ Բացի այդ, կայանի կառուցման համար կօգտագործվի 114 984 արևային վահանակ։ Կայանի կառուցումը կատարվում է միջազգային չափորոշիչներին համապատասխան։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտի հասցնել այս տարվա հոկտեմբերին»,- նշվում է հաղորդագրությունում: