24/07/2024 09:54
«Ժողովուրդ». Իշխանությունները որոշել են Գյումրիում ոչնչի առջև կանգ չառնել ու կտրուկ քայլերի գնալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ն Գյումրիում շարունակում է իշխանազավթման գործընթացը: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է գրել, որ նախորդ տարեվերջին «Բալասանյան դաշինք»-ի հետ կոալիցիան խզելուց հետո՝ ՔՊ-ն տարբեր մեթոդներով փորձում է մի շարք «ոչ ՔՊ-ական» համայնքներում, այդ թվում և Գյումրիում, յուրացնել իշխանությունը:
Այդ նպատակով բազմիցս Գյումրի են գործուղվել ՔՊ-ական պատգամավորները՝ Կարեն Սարուխանյանի գլխավորությամբ, ինչպես նաև անձամբ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Հիմա, ինչպես երևում է, իշխանությունները Գյումրիում որոշել են ոչնչի առջև կանգ չառնել ու կտրուկ քայլերի գնալ՝ իրենց բաղձալի նպատակին հասնելու համար: Այսպիսով` Գյումրու համայնքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ ՔՊ-ն հուլիսի 26-ին ավագանու արտահերթ նիստ է հրավիրել:
Օրակարգում ՀՀ դատախազության առաջարկությամբ Գյումրու համայնքի ղեկավարի` 24 որոշում անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջներով ՀՀ վարչական դատարան հայցադիմումներ ներկայացնելու վերաբերյալ հարցերն են։
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը հայտնում է՝ օրակարգում տեղ գտած երկու տասնյակից ավելի հայցերը վերաբերում են Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի ղեկավարության տարիներին կայացրած որոշումներին։ Այսինքն՝ չի բացառվում, որ Գյումրու նախկին քաղաքապետները նաև քրեական պատասխանատվության ենթարկվեն:
Ակնհայտ է, որ այս կերպ ՔՊ-ն մտադիր է հերթական անգամ ճնշումներ գործադրել «Բալասանյան» դաշինքի վրա, որը Գյումրիում իշխող ուժն է: Ավելի վաղ Բալասանյանի որդուն հետ կանչեցին Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից:
Հիմա օղակը սեղմվում է նրանց շուրջ, և այդտեղ մեծ դեր ունի նաև պատգամավոր Կարեն Սարուխանյանը, որը մարզում աշխատանքի տեղավորման գործակալի գործառույթներով է հայտնի: Ի դեպ, նույն Սարուխանյանը նախկինում շռայլորեն օգտվել է Բալասանյանների ծառայություններից»։