24/07/2024 10:37
Օգնեք հրշեջներին․ պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները․ ՓԾ (Տեսանյութ)
Հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան: Այդ առնչությամբ ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։
Այսպես, կարևոր է այդ ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հրդեհների կանխարգելմանը և բնակչության շրջանում բացատրական աշխատանքներին:
Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար արգելվում է`
1) չնախատեսված տեղերում վառել խարույկ,
2) նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,
3) վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել և օգտվել բաց կրակից,
4) այրել չոր խոտ կամ խոզան,
5) արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները՝ վերածվելով հրկիզող ոսպնյակների:
«Հարգելի՛ քաղաքացիներ, հրդեհի փոքր օջախի հայտնաբերման դեպքում փորձեք հանգցնել այն՝ օգտագործելով կրակմարիչներ, բահեր կամ ծառերի ճյուղերի կապուկ, թաց հագուստ, ամուր կտոր:
Պետք է համոզվել, որ կրակը մարվել է, և կրկին բորբոքման սպառնալիք չկա:
Պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները՝ կօգնեք հրշեջներին՝ գիտակցելով, որ չնայած նրանց 24-ժամյա անձնվիրաբար ծառայությանը, անտառն ամբողջությամբ և մշտապես ուշադրության կենտրոնում պահելն անհնար է:
Որպես հիշեցում. վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքը սահմանում է՝ հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելն առաջացնում է նվազագույն աշխատավարձի մինչև հարյուրհիսնապատիկի (150 000 դրամ) չափով տուգանք:
Խոզանները, բուսական մնացորդներն ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը, գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային և բնության հատուկ պահպանվող հողերում այրելը՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից (50 000 դրամ) երեքհարույրապատիկի (300 000 դրամ) չափով։
Հարգելի՛ քաղաքացիներ, եթե նկատում եք հրդեհ, անմիջապես զանգահարեք 911», - նշված է հաղորդագրությունում։