24/07/2024 12:42
«Լինենք տեղեկացված». ազատազրկված անձանց համար իրականացվել են իրազեկման դասընթացներ
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձանց իրավական գիտելիքներ փոխանցելու նպատակով «Լինենք տեղեկացված» ծրագրի շրջանակում «Հանուն ազատության» իրավական ՀԿ-ի կողմից իրականացվել են դասընթացներ, որոնց թեմաների ուսումնական մոդուլը հաստատվել էր ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից:
Դասընթացներին մասնակցել են «Արմավիր», «Գորիս», «Նուբարաշեն», «Արթիկ», «Դատապարտյալների հիվանդանոց», «Վանաձոր» և «Սեւան» ՔԿՀ-ների 126 ազատազրկված անձ: Պատիժը կրող անձանց ներկայացվել են ՀՀ քրեակատարողական օրենսգրքի այն հոդվածները, որոնք առնչվում են կալանավորված անձանց իրավունքներին, պարտականություններին, անվտանգային գոտիներին, դատապարտյալների տեղափոխման ու ընդունման, խուզարկության եւ զննման կարգին, բժշկական օգնությանն ու սպասարկմանը, խոշտանգման դրսևորումներին, բողոքարկման ընթացակարգին եւ այլն։
Ծրագրի մասնակից դատապարտյալներն իրազեկվել են նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, հեպատիտի եւ այլ վիրուսային հիվանդությունների վարակման եղանակներին, դրանց կանխարգելման ու բուժման մեթոդներին, ինչպես նաև կախվածությունների դեպքում համապատասխան բուժում նշանակելու կարգին:
«Լինենք տեղեկացված» ծրագիրն իրականացվել է Մոլդովայի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ: