25/07/2024 17:15
Արդյունաբերության երկնիշ աճը խիստ նվազել է
2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ), նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ, 10.4%-ով աճել է։ Ինչպես գրում է «Հետք»-ը, այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
Ամսական կտրվածքով տվյալները ցույց են տալիս, որ տարվա սկզբում գրանցված ՏԱՑ-ի երկնիշ աճը մայիս և հունիս ամիսներին ավելի համեստ է եղել, որի հիմնական պատճառներից մեկը արդյունաբերության ոլորտում գրանցվող ցուցանիշների կրճատումն է։
Այսպես, առաջին կիսամյակի տվյալներով՝ արդյունաբերության ոլորտում գրանցվել է 18.2% աճ, առևտրի ոլորտում՝ 22.9%, շինարարությունում՝ 15.7%, ծառայությունների ոլորտում՝ 4.4% և գյուղատնտեսությունում՝ 4%:
Սակայն եթե այս տվյալները դիտարկենք՝ ըստ առանձին ամիսների, կտեսնենք, որ արդյունաբերության ոլորտում հունիսին գրանցվել է ընդամենը 1.4% աճ։ Մինչդեռ տարվա սկզբում այն երկնիշ տեմպով է ավելացել։
Արդյունաբերության ոլորտի տեմպերի նվազումը էապես բացասաբար է ազդել ընդհանուր տնտեսության վրա։
Ավելի վաղ գրել ենք, որ արդյունաբերության բարձր աճերը պայմանավորված էին նախ ոսկերչության ոլորտով, հետո, երբ Վիճակագրական կոմիտեն փոփոխեց ցուցանիշների դասակարգումները, պարզվեց, որ ոլորտն աճում է հիմնային մետաղների արտադրության հաշվին։
Այս թնջուկը կապվում է ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հարազատներին փոխկապակցված «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ի հետ, որը 2023-ի նոյեմբերից ոսկերչական արտադրանքի աննախադեպ ցուցանիշներ է գրանցում։ Մինչդեռ իրականում ընկերությունը պարզապես մեծ ծավալների վերաարտահանմամբ է զբաղված։ Հետագայում ընկերության արտադրանքը վերահաշվարկվեց և արդեն «տեղավորվեց» ոչ թե ոսկերչական արտադրանքի, այլ՝ հիմնային մետաղների արտադրության մեջ։
Այս ինֆոգրաֆիկայում երևում է ինչպես ՏԱՑ-ի, այնպես էլ՝ արդյունաբերության և տնտեսության մյուս ոլորտների միտումները վերջին մեկ տարում՝ ամսական կտրվածքով։
Ինչպես երևում է, նվազել են առևտրաշրջանառության աճի տեմպերը։ Ծառայությունների ոլորտում հունիսին աճն արագացել է։
Շինարարության ծավալների երկնիշ աճ է գրանցվում, որը պայմանավորված է հիմնականում բնակչության միջոցներով և պետական բյուջեի հաշվին կատարվող շինարարությամբ։ Կազմակերպությունների կողմից արվող շինարարության տեմպերը նվազել են։