25/07/2024 20:32
«Քանի մենք կանք, դա տեղի չի ունենալու․ Հեյդարի որդի Իլհամին էլ եմ ասում, մեր երկրում նրա դեսպանին էլ եմ ասում»․ Բագրատ Սբազանը՝ Ադրբեջանի հերթական պահանջների մասին
Ադրբեջանը շարունակում է բացահայտ սպառնալիքներ հնչեցնել՝ ուղղված Հայաստանին, թելադրելլ նորանոր պահանջներ, իսկ գործող կառավարությունն, ինչպես միշտ, շարունակում է անարձագանք թողնել դրանք։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
«10 օր է՝ Ադրբեջանի իշխանությունը, մամուլը, բոլոր շերտերը բառիս ամենալայն իմաստով բոլոր հնարավոր թեզերը, տարբերակները, եղանակները պարտադրանքի, սպառնալիքի, թելադրանքի լեզվով արտահայտում են։ Ինձ ասեք՝ Հայաստանից քանի՞ նախադասություն է հնչել այդ բոլորի մասին՝ կառավարության մակարդակով։ Արձագանքողները միայն ընդդիմադիր թևի գործիչներն են։ Կառավարության մակարդակով, իշխանություն կոչվածի մակարդակով ձայն չկա։ Սա ցուցիչ է, որ մենք կառավարություն չունենք երկրում։ Դա ցուցիչ է, որ ո՛չ գաղափարապես, ո՛չ բարոյապես, ո՛չ ֆիզիկապես նրանք գոյություն չունեն»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ գործող իշխանությունների մասին։
Նա նշեց՝ Ադրբեջանի բոլոր պարտադրանքները՝ սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, տարածքային նոր զիջումներ, ադրբեջանցիների վերադարձ և այլն, չեն իրականալու՝ չնայած նրան, որ Հայաստանի գործող իշխանությունները լուռ ենթարկվում են թշնամու պահանջներին։
«Քանի մենք կանք՝ ես, այս մարդիկ, այս ժողովուրդը կա, դա տեղի չի ունենալու․ շատ հստակ Հեյդարի որդի Իլհամին էլ եմ ասում, նրա դեսպանին էլ եմ ասում, որը նեռն է՝ մեր երկրում»,- շեշտեց Բագրատ Սրբազանը։