25/07/2024 15:06
Դպրոց-թատրոն համագործակցությամբ նոր ներկայացում՝ Սևակի 100-ամյակի շրջանակում
Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել «Պարույր Սևակի և Սուլամիթայի նամակագրությունը» բեմականացումը՝ «Իմ ցնորք...իմ սեր...» խորագրով: Ծրագիրն իրականցրել է Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցը:
Բեմադրության միջոցով հանդիսատեսին ներկայացվել է Պարույր Սևակի և Սուլամիթայի նամակագրությունը՝ որպես հեղինակի սիրային քնարերգության հիմք:
Նամակներն ընտրելիս հաշվի են առնվել սովորողների տարիքային առանձնահատկությունները, զարգացումների համապատասխանությունը, հերոսների հոգեվիճակները, նամակագրության կապը Պարույր Սևակի սիրային քնարերգության հետ, բեմական խոսքի տարրերի բաղադրիչները։
Ծրագրի նպատակն է ամրապնդել դպրոց-թատրոն համագործակցությունը, համայնքում ակտիվացնել մշակութային կյանքը, վաղ տարիքից երեխաներին ծանոթացնել թատերարվեստի առանձնահատկություններին, նպաստել մասնագիտական կողմնորոշմանը:
Նախատեսվում է ներկայացման ևս երկու ցուցադրություն՝ սահմանամերձ Կոռնիձոր, Ներքին Խնձորեսկ, Խնածախ և Վերիշեն բնակավայրերի սովորողների և ուսուցիչների համար։