25/07/2024 15:37
Հարուցված գործն ամբողջությամբ ավարտելուց հետո մեր ընտանիքը կլքի Հայաստանը․ Մարտակերտի քաղաքապետի որդի
Երկամսյա կալանքից հետո Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն ազատ է արձակվել։ Այս մասին MediaHub-ին ասել է նրա որդին։
Գրիգորիի խոսքով՝ հոր կալանքը վերջին մեկ ամսում փոխարինվել էր տնային կալանքով։ Ու չնայած Միշա Գյուրջյանը գտնվում էր տանը, նրան արգելված էր շփումը ընկերների և մտերիմների հետ։
«Խիստ պայմաններ էին, որին դիմացանք անցած ամիսներին, ու արդեն մեզ համար միևնույն է՝ հորս ու մյուս համայնքների ղեկավարների դեմ արշավը քաղաքական է, թե ոչ։ Մտածմունքից նիհարել է, հյուծվել։ Մենք սպասում էինք այս օրվան, որ լրիվությամբ ազատ արձակվի։ Այսօր եկան ու համապատասխան սարքավորումները հեռացրին, սակայն, ժամը 17:00-ին հրավիրել են Վերաքննիչ դատարան»,- ասել է նա։
Գյուրջյանների ընտանիքը Հայաստանից հեռանալու որոշում է կայացրել։ Մարտակերտի քաղաքապետի վրա հարուցված գործն ամբողջությամբ փակվելուց հետո ընտանիքը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։
«Մնալու իմաստ չկա։ Աշխատանք չենք գտնում, բնակապահովման ծրագրին պետք է սպասենք մի քանի տարի, դրան գումարած այս հետապնդումներն ավելի են արագացրել Հայաստանը լքելու մեր որոշումը, դա նաև հորս ցանկությունն է»,- հավելել է Գրիգորի Գյուրջյանը։
Մարտակերտ քաղաքի ղեկավարի մեկ ամիս քրեակատարողական հիմնարկում անցկացնելուց հետո նրա կալանքը փոխարինվել էր տնային կալանքով: Դատարանը մայիսի 25-ին նրա նկատմամբ կիրառել էր 2 ամիս կալանք։ Մ․Գյուրջյանին մեղադրանք էր առաջադրվել խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության և փաստաթղթեր կեղծելու համար։ Մեղադրանքն առնչվում էր ավտոմեքենայի «հափշտակությանը»։