26/07/2024 17:20
Իշխան Սաղաթելյանը Նիդերլանդներում է․ քննարկել է միջազգային ճնշմամբ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և բոլոր գերիների ազատ արձակման հարցը
Բրյուսել կատարած աշխատանքային այցից հետո ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կարճատև այցով գտնվում է Նիդերլանդների Թագավորությունում, որտեղ հանդիպել է Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Իսա Քահրամանի, ինչպես նաև Ալմելոյի ու շրջակայքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Այդ մասին հայտնում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակից։
«Պատգամավորի հետ հանդիպման առանցքում եղել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և բոլոր գերիների ազատ արձակման, միջազգային ճնշման ավելացման եղանակով ադրբեջանական ագրեսիայի զսպմանն առնչվող հարցերը։
Հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում միասնական աշխատանքի անհրաժեշտությանը, Հայրենիք-Սփյուռք հարաբերություններում առկա խնդիրներին։ Քննարկմանը կարևոր տեղ են զբաղեցրել նաև Արցախի ժողովրդի իրավունքների պատշաճ պաշտպանության կարևորությանը, ինչպես նաև Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և, առհասարակ, բոլոր գերիների՝ միջազգային ճնշմամբ ազատ արձակմանն առնչվող հարցերը»,- նշված է հաղորդագրությունում։