27/07/2024 18:07
Վահագն Խաչատուրյանի եկամուտները աճում են
Նախագահ Վահագն Խաչատուրյանի դրամական միջոցներն ու եկամուտները տարեցտարի աճում են, գրել է 168․am-ը։
ՀՀ նախագահը հայտարարագրել է 4 անշարժ գույք, որոնք բոլորը տնօրինում է միանձնյա սեփականության իրավունքով։ Անշարժ գույքերից երկուսը` Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքնում ու Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող հողամասերը, նա ստացել է իբրև ժառանգություն 2017 թվականին, իսկ մյուս երկուսը` Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանն ու ավտոտնակը՝ իբրև նվիրատվություն` 2002թ.։
2023 թվականի սկզբում նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են՝
23 միլիոն 302.102.2 դրամ, 5 միլիոն 540.268.97 դրամ, 163 դոլար,1,161.14 դոլար, 267.95 եվրո:
Տարեվերջին արդեն՝ դրանք ունեցել են հետևյալ տեսքը՝ 35 միլիոն 804 669.2 դրամ, 4 միլիոն 583 669.87 դրամ, 152.9 դոլար, 1,089.46 դոլար։
Ի դեպ, 2021 թվականին, երբ տնտեսագետ Վահագն Խաչատուրյանը ստանձնում էր ԲՏԱ նախարարի պաշտոնը, նրա բանկային հաշիվների մնացորդները կազմում էին՝ 6 միլիոն 032.020 դրամ, 5 միլիոն 550,927 դրամ և 163 դոլար։
Նախագահի 2023 թվականի տարեսկզբի կանխիկ՝ 800.000 դրամ և 15.000 դոլար կանխիկ դրամը ևս տարեվերջին աճել է՝ կազմելով 1 միլիոն 200.000 դրամ և 18.000 դոլար։
Պաշտոնատար անձի հաշվետու տարվա եկամուտները գոյացել են միայն Նախագահի աշխատակազմից ստացած 15 միլիոն 794.400 դրամ աշխատավարձից։
Իսկ մինչև 2023 թվականը, երբ նոր էր ստանձնում պաշտոնը, ու դրանից հետո, Վահագն Խաչատուրյանի տարեկան եկամուտները ձևավորվում էին նաև ԵՊՀ -ից, Շուշիի տեխնոլոգիական համալսարանից, «Անտարես»-ից և Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ից ստացված աշխատավարձերից։
Ի դեպ, Արցախի Հանրապետության Շուշիի տեխնոլոգիական համալսարանից ստացված 101.998 դրամ աշխատավարձի մասին Հայաստանի Հանրապետության նախագահը նշել է նաև 2023 թվականի մայիսին ներկայացված հայտարարագրում, քանի դեռ Արցախից բռնի չէին տեղահանվել 100 հազարից ավելի բնիկ հայերը։
Իսկ ահա Արցախն ու Շուշին վերջնականապես կորցնելուց հետո, երբ արդեն հայտարարգրում կարիք էլ չկար նշելու Շուշիի հայկական համալսարանի մասին, Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 23-ին հանկարծ հիշեց ու ասաց՝ «Արցախն Ադրբեջանի մաս Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է 1991թ.», նաև սրտնեղեց, թե Արցախի պետական ինստիտուտները գործում են, ի՞նչ անեն… Կա Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտները գործում են…»։
Վահագն Խաչատուրյանի տիկինը՝ Անահիտ Մինասյանը, իր հերթին՝ միանձյա տնօրինում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 1997 թվականին գնած բնակարանը։ 2024 թվականին ներկայացրած հայտարարագրում նրա բանկային հաշիվների մնացորդներն ու դրամական միջոցները քիչ են զիջում ամուսնու հայտարարագրում առկա աստղաբաշխական թվերին։ Այսպես, հաշվետու տարվա վերջում Անահիտ Մինասյանն ունեցել է 860.000 դրամ, 1078 դոլար և 2480 եվրո բանկային հաշիվների մնացորդներ, 4 միլիոն դրամ և 5000 դոլար կանխիկ գումար, իսկ տարեկան եկամուտները կազմել են ընդամենը 652,960 դրամ։
ՀՀ նախագահի որդու՝ Արամ Խաչատուրյանի՝ 2024 թվականին ներկայացրած հայտարարագրից էլ միայն տեղեկանում ենք, որ նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 314 801 դրամ, տարեվերջում առկա կանխիկ դրամը՝ 4 միլիոն 500,000 դրամ, իսկ «Արմենիան քարդ»-ից աշխատավարձի տեսքով ստացված տարեկան եկամուտը՝ 7,934,069 դրամ։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում