27/07/2024 10:18
«Հրապարակ». Դատապարտյալներին ավելի մեղմ ռեժիմի տեղափոխելու վերաբերյալ դրույթները չեն գործում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ արդարադատության նախարարության «Արմավիր», «Նուբարաշեն» և «Սևան» ՔԿՀ-ներում տեղի են ունեցել դատապարտյալների էքստերն՝ 2-րդ քննաշրջանի պետական և ավարտական քննություններ։ Մասնակցել է 3 տասնյակից ավելի դատապարտյալ։ Ըստ էության, սա փիառ միջոցառում էր, որը պետք է ցույց տար, թե ինչ մարդասեր նախարար ունենք։ Իրականությունն այլ է։
Նախարարության կազմում գործում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ, որը դատապարտյալների համար «գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրեր» է իրականացնում, վերջիններս էլ մասնակցում են` հույսով, որ սովորելը կդիտվի որպես օրինակելի վարք, և կհեշտանա իրենց ճանապարհը դեպի ազատություն, պահման ռեժիմի մեղմացում կլինի։ Սակայն իրականում նրանց կյանքում ոչինչ չի փոխվում։ ՀՀ նոր քրեակատարողական օրենսգրքի` դատապարտյալներին ավելի մեղմ ռեժիմի տեղափոխելու վերաբերյալ դրույթները չեն գործում։
Դատապարտյալների անվտանգային գոտին փոխելու հարցով դատավարությունները զուտ ձևական բնույթի են։ Ռեժիմի մեղմացման նրանց պահանջները հիմնականում մերժվում են, և ոչ մի բան՝ էքստերն քննությունից գերազանց ստանալ, գրքեր կարդալ, սպորտային միջոցառումներին և բանտային արվեստի ցուցահանդեսներին մասնակցություն, նրանց չի օգնում»։