29/07/2024 20:32
Վտանգ է կախված մեր պետության գլխին․ Այս պայքարը, որ Սրբազան է կոչվում, իրավունք չունի տկարանալու․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Վայոց ձորի մարզ և մասնավորապես՝ Ջերմուկ քաղաք կատարած իր այցին, շեշտեց՝ այնտեղ ավելի ակնհայտ է երևում, թե որքան վտանգված է մեր ամբողջ երկիրը․ բարձունքից ադրբեջանցիների տեսադաշտում պարզ դիտարկվում է Ջերմուկը։
«Անմիջական վտանգը կախված է և՛ քաղաքի գլխին, և՛ մեր պետության գլխին։ Ամեն րոպեն անկանխատեսելի է։ Ուրեմն՝ կեղծ են այն բոլոր ասածները, թե խաղաղության պայմանագիր կնքելով՝ ադրբեջանցիներին մեր ինքնիշխան տարածքից դուրս են հանելու։ Ուրեմն խաբում են։ Ոչ ոք էլ դուրս չի գալու այնտեղից։ Նեռն, անընդհատ խաբելով, փորձում է մարդկանց մտքերն ամբողջությամբ պատրաստել հայրենիքի հանձնմանը։ Եվ Ջերմուկը դրա ամենավառ արտահայտումներից մեկն է։
Հետևաբար, այս պայքարը, որ Սրբազան է կոչվում, իրավունք չունի որևէ ձևով տկարանալու, որովհետև անունն արդեն իսկ պարտավորեցնող է, թե մենք ինչին ենք միտված։
Չի՛ կարող սրբազան արժեքին հավատացող ժողովուրդը հաղթանակից բացի՝ այլընտրանքի մասին մտածել։ Հնարավոր չէ դա»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։