29/07/2024 12:53
ԱՄՆ-ն առանձին պաշտպանական և անվտանգային հարաբերություններ ունի Հայաստանի ու Ադրբեջանի հետ. Պետդեպ
Միացյալ Նահանգները երկարամյա գործընկերություն ունի Հայաստանի հետ, որի օրինակն է Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հետ կայուն համագործակցությունը՝ (ԱՄՆ) պաշտպանության նախարարության Պետական գործընկերության ծրագրի շրջանակներում, «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանն ասել են Պետքարտուղարությունից` արձագանքելով հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններին և Ադրբեջանից հնչած հայտարարություններին:
«ԱՄՆ-ն առանձին պաշտպանական և անվտանգային հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, ներառյալ՝ համագործակցությունը բազմազգ զորավարժություններում՝ Վրաստանում վերջերս տեղի ունեցած Agile Spirit, ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության և մի շարք այլ երկկողմ ձևաչափերով՝ (ԱՄՆ) պաշտպանության նախարարության Պետական գործընկերության ծրագրի նման»,- հավելել են Պետքարտուղարությունից:
Անդրադառնալով հարավկովկասյան տարածաշրջանային կայունության վերաբերյալ հարցին՝ ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչությունը ընդգծել է, որ Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ:
«Մենք հանձնառու ենք այդ գործընթացի աջակցմանը։ Եկել է խաղաղության ժամանակը», - ասել են գերատեսչությունից:
Պատասխանելով ամերիկյան վարչակազմի հնարավոր փոփոխությունից հետո ԱՄՆ արտաքին քաղաքականության փոփոխության մասին հարցին՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հայտնել է. «Պետքարտուղարությունը անկուսակցական հաստատություն է։ Միացյալ Նահանգների կառավարության արտաքին քաղաքականությունը կարող է փոխվել տարբեր նախագահական վարչակազմերի օրոք։ Այնուամենայնիվ, ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները մնում են անփոփոխ, որոնք ներառում են անվտանգության, ժողովրդավարության, բարգավաճման և զարգացման խթանում Միացյալ Նահանգներում և ողջ աշխարհում»: