29/07/2024 13:59
2,5 տարեկան հազիվ խոսող երեխաները, պարզվեց, որ ճիշտ են ասում՝ մանկապարտեզում դաստիարակն իրենց ծեծում է. Մայրը մանրամասնեց
4 տարի առաջ 2020-ին Վիկտորյա Ռստակյանը բարձրաձայնել էր մանկապարտեզում բռնության ենթարկված իր զույց երեխաների մասին։ Բռնության ենթարկված երեխաների մայրն այսօր ներկայացրեց, թե ինչ զարգացում էր ունեցել այս 4 տարվա ընթացում «Մեր բակ» մասնավոր մանկապարտեզում տեղի ունեցած դեպքը։
Նա նշեց, որ իր զույգ երեխաները 3 օր հաճախելուց հետո պատմել էին, որ իրենց ծեծում են․
«Ամեն մեկը պատմում էր, որ մյուսին էին ծեծում, ոչ թե իրեն, քանի որ վախենում էին ասել, որ իրենց ծեծել են, դաստիարակն ասել էր՝ չասես, որ ձեզ ծեծում են, բայց չէր ասել, որ չասես՝ քուրիկիդ էլ են ծեծել։ Արդեն փորձեցինք հասկանալ՝ ինչ է կատարվում, չնայած և՛ տնօրենը, և՛ դաստիարակը հերքում էին»։
Պարզվել է՝ 2,5 տարեկան հազիվ խոսող երեխաները ճշմարտությունն են ասել։
«1 տարի տևեց նախաքննությունը և 3 տարի էլ դատական գործընթացն է, կարծես նոր-նոր վերջը երևում է։ Հազիվ կարողացել ենք վկաներին հավաքել իրար գլուխ, որ վկայություն տան, կես տարի տնօրենին չէր հաջողվում բերել դատարան, որ վկայություն տա»,-ասաց նա։
Մայրն ավելացերեց, որ 4 տարի անց, մի քանի ամիս հետո միգուցե վճիռը կայացվի։