29/07/2024 13:27
Սպասել, որ Հայաստանի իշխանությունն Էրդողանի խոստովանությունը հօգուտ մեզ կօգտագործի, միամտություն է. այս իշխանությունը հենց նրանց համար է աշխատում. Լոքմագյոզյան
Իսրայել-Թուրքիա հարաբերություններն այնքան վատ չեն, որքան որ երևում է առաջին հայացքից, և այնպես չէ, որ Թուրքիան մեծ-մեծ խոսելը գործողության է վերածելու։ Գազայի հետ կապված շատ խոսում է, բայց գետնի վրա լուրջ քայլեր չկան։ Այսպիսով, Էրդողանն ուղղակի արաբների, մուսուլմանական աշխարհի աչքերին «թոզ է փչում»։ Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում նշեց Միջինարևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Տիրան Լոքմագյոզյանը։
«Թուրքիայում իշխանական պատգամավորներ կան, որ սերտ հարաբերությունների մեջ են Իսրայելի հետ, տնտեսական լուրջ համագործակցություն ունեն։ Այսօրվա պայմաններում Թուրքիան Իսրայելի հետ հարաբերությունները փչացնողը չէ, մեկ անգամ չի եղել, որ թեժացած թվացող հարաբերությունների պայմաններում տնտեսական լուրջ շրջանառություն են ունեցել երկուստեք։
Ինչ վերաբերում է Արցախում պատերազմն առաջնորդելու Էրդողանի ինքնախոստովանությանը՝ դա ցուցիչն է այն բանի, որ Էրդողանը լուրջ չի վերաբերվում ո՛չ Հակաստանին, ո՛չ միջազգային իրավունքին»։
Լոքմագյոզյանն ընդգծում է՝ եթե Իսրայել-Թուրքիա հարաբերություններում տեսնում ենք Թուրքիայի կողմից հոխորտանք, իսկ խորքում՝ կառուցողական հարաբերութուններ, ապա Հայաստանի դեպքում ճիշտ հակառակն է՝ կարող է Թուրքիայի կողմից հոխորտանք չլինել, բայց գետնի վրա թշնամություն է։
Սպասել, որ Հայաստանի իշխանությունը Էրդողանի խոստովանությունը կօգտագործի, ըստ նրա, միամտություն է. «Այս իշխանությունը հենց նրանց համար է աշխատում, ինչու պիտի դա խաղաքարտ դարձնի»։