29/07/2024 18:56
Հայ դպրոցականները մեդալներ են նվաճել Իրանի Իսֆահան քաղաքում անցկացված Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Ֆիզիկայի 54-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը ներկայացնող 5 աշակերտներն արժանացել են 3 բրոնզե մեդալների և 2 գովասանագրի:
Օլիմպիադան անցկացվել է հուլիսի 21-29-ն Իրանի Իսֆահան քաղաքում՝ փորձնական և տեսական փուլերով։ Օլիմպիադային մասնակցել է 46 երկրի 197 ներկայացուցիչ:
Հայաստանյան թիմից բրոնզե մեդալների են արժանացել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Արսեն Աղայանը (12-րդ դասարան) և Նարեկ Գալստյանը (11-րդ դասարան), ՀԱՊՀ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Գասպարյանը, իսկ գովասանագրերի՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Նարեկ Մովսիսյանը և ՀԱՊՀ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արմեն Գազազյանը։
Թիմը ղեկավարել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչներ Բիլոր Կուրղինյանն ու Մեխակ Հայրապետյանը, իսկ որպես դիտորդ՝ մասնակցել է նաև ՀԱՊՀ ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Ալֆրեդ Պետրոսյանը։