30/07/2024 22:35
Ֆարինգիտ. ախտանշաններն ու տեսակները. ԼՕՌ մասնագետ
Ֆարինգիտը, որը կենցաղում անվանում են կոկորդի ցավ, տարածված վարակ է, որով տարին մեկ անգամ հիվանդանում է մարդկանց մեծ մասը:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի ԼՕՌ ծառայության ղեկավար Տաթևիկ Խաչիկյանը, անդրադառնալով ֆարինգիտին, նշել է կոկորդի լորձաթաղանթի բորբոքման հիմնական պատճառները:
Նրա խոսքով, կոկորդի ցավի առաջացման բոլոր պատճառները կարելի է բաժանել վարակային և ոչ վարակային խմբերի:
Ֆարինգիտի վարակային պատճառներից են՝
Վիրուսները
Մեծահասակների 50-95%-ի և երեխաների 70%-ի կոկորդի հիվանդությունները պայմանավորված են շնչառական վիրուսներով, դրանցից են ադենովիրուսները, գրիպի և մանկական հասակում հերպեսի վիրուսները:
Բակտերիաները
Վիրուսային վարակի ֆոնին, որպես կանոն միանում է նաև բակտերիալ վարակը:
Սնկերը
Հնարավոր է կոկորդում սնկային գոյացությունների առաջացում:
Ոչ վարակային պատճառների թվին կարելի է դասել լորձաթաղանթի մեխանիկական, քիմիական կամ ջերմային գրգռվածությունները՝
չափազանց սառը կամ տաք օդը,
աղտոտված օդը,
սառը ուտելիքն ու խմիչքները,
ծխախոտը,
գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը,
չոր կամ չափազանց խոնավ օդը:
Վարակի զարգացման հավանականությունը կարող են մեծացնել նաև այնպիսի ռիսկային գործոններ, ինչպիսիք են՝ բերանով սառը օդը շնչելը, մարմնի գերտաքացած վիճակում սառը խմիչքների օգտագործումը, ջերմաստիճանների տատանումը (սառը և տաք օդ):
Տարբերում են սուր և քրոնիկ ֆարինգիտներ:
Մասնագետի խոսքով, սուր ֆարինգիտը սովորաբար ուղղորդվում է վառ արտահայտված ախտանշաններով՝ ուժեղ ցավ կլման ժամանակ, ձայնի խզվածություն, լորձի արտադրում, կոկորդի սուր ցավեր:
Քրոնիկ ֆարնիգիտի դեպքում ախտանշանները կարող են արտահայտվել կոկորդի չորությամբ կամ քերվելու զգացողությամբ. դիտվում է չոր, տանջալից հազ:
Սրացման դեպքում քրոնիկ ֆարինգիտի ախտանշանները նմանվում են սուր տարատեսակի ախտանշաններին:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ