30/07/2024 12:37
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահը պատասխանել է Գագիկ Ծառուկյանի` Բաքվում ապօրինաբար պահվող հայերին ազատ արձակելու մասին նամակին
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Փարիզ-2024-ի շրջանակներում նամակ էր ուղղել միջազգային օլիմպիական հանրությանը՝ կոչ անելով հավատարիմ մնալով օլիմպիզմի վեհ գաղափարներին` ջանքեր ներդնել Բաքվում պահվող հայ գերիների ազատման ուղղությամբ։
Նամակում Ծառուկյանը շեշտել էր, որ այս պահին երկու պետությունները գտնվում են խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացի փուլում, և փաստացի պատանդի կարգավիճակով պահվող գերիների ազատումը կօգներ խաղաղության գործընթացին և կկայունացներ իրավիճակը մեր տարածաշրջանում։ Ծառուկյանի նամակին ի պատասխան՝ արդեն ստացվում են առաջին արձագանքները։
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը պատասխանել է նամակին, որտեղ նա ընդգծել է ՄՕԿ քաղաքական չեզոքությունը:
«Շատ շնորհակալություն Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի վերաբերյալ Ձեր նամակի համար։
Ինչպես դուք գիտեք, ՄՕԿ-ը խաղաղության կողմնակից է, և մեր մտքերն ու զգացմունքները մնում են անմեղ զոհերի և մարդկանց հետ, ովքեր տուժել են մեծ թվով կոնֆլիկտներից և պատերազմներից ամբողջ աշխարհում։
Մենք շարունակում ենք հույս ունենալ, որ կարելի է գտնել խաղաղ լուծում, ինչը ներկայացվեց Օլիմպիական ավանում զինադադարի որմնանկարի բացմամբ և մեր շարունակական կոչերով՝ ուղղված բոլոր կառավարություններին, որպեսզի խաղաղությանը շանս տրվի։
Մենք կոչ ենք անում բոլոր Ազգային Օլիմպիական Կոմիտեներին և նրանց համապատասխան ղեկավարություններին, թիմերի ղեկավարներին և մարզիկներին՝ իրենց ներդրումն ունենալ խաղաղության գործում՝ խթանելով փոխըմբռնումն ու հարգանքը խաղադաշտում և դրանից դուրս՝ օլիմպիական արժեքներին և օլիմպիզմի հիմնարար սկզբունքներին համապատասխան»։
Շնորհակալություն Ձեզ՝ ըմբռնման և համագործակցության համար»,- ասվում է նամակում:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24