30/07/2024 12:48
Ակտիվորեն ընթանում են Հյուսիս-հարավի ասֆալտապատման աշխատանքները. «Ճանապարհային դեպարտամենտ»
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի 34 կմ ճանապարհահատվածի (Մ-1‚ կմ 37+545-կմ 71+435‚ Աշտարակ-Թալին) կառուցումն ընթացքի մեջ է։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Իրականացվել է ծրագրով նախատեսված հողային աշխատանքների մոտ 50 %-ը։ Ակտիվ ընթացքի մեջ են տարբեր հատվածների ասֆալտապատման աշխատանքները։ Արդեն իսկ ավարտվել են մոտ 10 կմ (որից մոտ 6 կմ աջակողմյան և մոտ 4 կմ ձախակողմյան հատվածներում) ճանապարհահատվածի ասֆալտե երկշերտ ծածկի տեղադրման աշխատանքները, ևս 3 կմ հատվածի երկշերտ ասֆալտապատումն ընթացքի մեջ է և նախատեսվում է ավարտել մինչև ս․թ․ հոկտեմբերի սկիզբ։ Օգոստոսից նախատեսվում է սկսել նշված հատվածների վերին շերտի ասֆալտապատման աշխատանքները։ Միաժամանակ կատարվում են Տ-աձև խաչմերուկների և տրանսպորտային հանգույցների ծածկի կառուցման, բաժանարար գոտու և կողնակների‚ ջրահեռացման վաքերի աշխատանքները։
Զուգահեռաբար ձախակողմյան հատվածում ընթացքի մեջ են 3 ուղեանցների կառուցման աշխատանքները։
Ճանապարհի կառուցումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի և Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով։