30/07/2024 14:32
Հայկ Բժշկյանց՝ «Երկաթյա» Գայը. «Մեր պատմությունը» նախագիծ (Տեսանյութ)
Ազգային ու պետական, ռազմական գործիչ Հայկ Բժշկյանցը Երկաթյա Գայ անվանումը վաստակել է իր ղեկավարած դիվիզիայի մարտիկների երկաթյա կամքի և անձնական քաջության ու վճռականության շնորհիվ: Դեռ պատանեկան տարիքից ոգեշնչվելով Վարդան Մամիկոնյանի, Խաչատուր Աբովյանի Աղասու և այլ հերոսների քաջագործություններով՝ Հայկ Բժշկյանցը տարված էր հեղափոխական գաղափարներով: Իր քաղաքական գործունեությունը սկսելով Հնչակյան կուսակցության շարքերում՝ Գայն իր գործունեությունը շարունակել է Բոլշևիկյան գաղափարաքաղաքական հոսանքում և դարձել Կարմիր բանակի գլխավոր գործիչներից ու Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի գլխավոր հերոսներից մեկը: Հայկ Բժշկյանցն այն եզակի կերպարներից է, որն իր փառքի ուղին սկսել է հայ ազատագրական պայքարի հորձանուտում, շարունակել Կարմիր բանակի վերնախավում և գիտակրթական ասպարեզում, անարդարացիորեն բռնադատվել 1937-ին, այնուհետև հերոսացվել մի ամբողջ կայսրության մաշստաբներում:
Լրագրող, պատմաբան Անի Հակոբյանը նշում է, որ Գայն իր քաջությամբ և ռազմական տաղանդով աչքի էր ընկնում դեռևս Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ ղեկավարում էր Ռուսական Կովկասյան բանակի կազմում Օսմանյան կայսրության դեմ մարտնչող Հայկական 6-րդ կամավորական գունդը, որը Արևմտյան Հայաստանում մասնակցել է լրջագույն ազատագրական գործողությունների, ինչի համար Հայկ Բժշկյանցն արժանացել է բազմաթիվ պարգևների՝ այդ թվում Սբ. Աննայի և Գեորգիևյան պարգևանշանների:
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը նշում է, որ որպես Կարմիր բանակի ականավոր զորահրամանատար՝ հերոսանալով Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի շրջանում, Գայն առանձնահատուկ վերաբերմունք ուներ իր արմատների, Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ: Պատահական չէ, որ իր ռազմական փառքի գագաթնակետին, երբ նա պարգևատրվել էր ԽՍՀՄ ամենաբարձր պարգևանշանով, Գայը վերադարձավ Հայաստան և 1922-1923 թվականներին զբաղեցրեց երկրի ռազմական նախարարի (ռազմական ժողկոմ) պաշտոնը և մեծ դերակատարություն ունեցավ կարգապահ ու մարտունակ Հայկական Կարմիր բանակի ստեղծման գործում:
Հայկ Բժշկյանցի՝ Երկաթյա Գայի կյանքի ու գործունեության կարևորագույն դրվագներին նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում.