30/07/2024 10:13
Վաշինգտոնը կշարունակի աշխատել Երևանի և Բաքվի հարաբերություններում վճռական արդյունքի հասնելու համար․ Պատել
Ե՛վ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, և՛ ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն շարունակում են խորապես ներգրավված լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում. այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելն՝ անդրադառնալով ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյի՝ տարածաշրջան կատարած այցին և դրա արդյունքներին։
«Սա մի հարց է, որում ինչպես պետքարտուղարն, այնպես էլ համակարգող Բոնոն շարունակում են խորապես ներգրավված լինել։ Այդ ուղղությամբ մենք շարունակելու ենք աշխատել», – իր խոսքում նշել է Պատելը՝ չմանրամասնելով, սակայն, Լուի Բոնոյի այցի արդյունքները։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալը պատասխանելով հուլիսի 30-ին հայ-թուրքական սահմանին տեղի ունենալիք ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հանդիպման վերաբերյալ հարցին՝ նշել է․
«Կրկին, պարզապես կասեմ, որ դա մի բան է, որի վրա պետքարտուղարը կենտրոնացած է, և մենք կշարունակենք խորապես ներգրավված լինել»։