30/07/2024 09:48
«Ժողովուրդ». Որոշել են քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հերթական իմիտացիան բեմադրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որոշել է քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հերթական իմիտացիան բեմադրել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել «քրեական ենթամշակույթի» անվան տակ, քրեական բարքերով ապրող բոլոր անձանց նկատմամբ որոշակի պատժիչ գործողություններ ձեռնարկել՝ հանրությանը դա ներկայացնելով իբրև քրեական բարքերի դեմ իրականացվող խիստ պայքար։ Խոսքը հատկապես քրեական աշխարհի այն անձանց մասին է, որոնք վերջին շրջանում աղմկահարույց դեպքերի կիզակետում են հայտնվել։ Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մեկնարկը տվել են «Չաղ Ռուստամ»-ի միջոցով։
ArmLur.am-ը առաջինն էր հայտնել, որ կիրակի օրը իրավապահները, «գետնին տապալելով», ձերբակալել են քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամին»` քրեական հեղինակություն «Ֆազի»` Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով: ՆԳՆ-ից ևս պաշտոնապես հաստատեցին ArmLur.am-ի տեղեկությունը։ Երեկ իրավապահները հիշել էին նաև քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկին»՝ Ալիկ Բանդուրյանին:
ArmLur.am-ը հայտնել էր, որ իրավապահները երեկ՝ առավոտյան, դիմակավորված մտել են Տիչինայի փողոցում գտնվող «ԼԱ ԴԵՖԱՆՍ» հյուրանոց, աշխատակիցներին պառկեցրել հատակին ու խուզարկություն սկսել: Նշենք, որ հյուրանոցը կապում են քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ «Նորատուսցի Ալիկի» անվան հետ։ Ըստ մեր տեղեկությունների՝ խուզարկությունը կապված է եղել Սևանի ավագանու անդամ Արսեն Աֆինյանի սպանության հետ, որ տեղի էր ունեցել օրեր առաջ Սևանում, և որի «հեղինակը» «Նորատուսցի Ալիկի» եղբոր՝ Արայի որդին էր՝ Լևոն Բանդուրյանը։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ քրեական հեղինակությունների վերջին ակտիվությունից հետո իշխանության ներսում քննարկում է եղել, որոշում են կայացրել պատժել քրեական աշխարհի այն ներկայացուցիչներին, որոնք տեսադաշտում են հայտնվում»։