30/07/2024 12:25
Օգոստոսի 1-ից 20-40 տոկոսով կնվազեցվի հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող մարզային հեռուստաընկերությունների պայմանագրային գումարը
Հանրային մուլտիպլեքսի միջոցով հեռարձակում իրականացնող մի շարք մարզային հեռուստաընկերություններ 2024 թվականի հունիսի 27-ին աջակցություն ստանալու խնդրանքով դիմել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին. որոշվել է նվազեցնել պայմանագրային գումարը՝ սահմանելով համահարթ վարձավճար:
«Հեռուստաընկերությունների կողմից ներկայացված մտահոգություններն ու փաստարկները հիմնականում վերաբերում էին վերջիններիս ֆինանսական եկամուտների կտրուկ նվազմանը, ինչն էլ իր հերթին բերում է պարտքերի կուտակման և մոտ ապագայում կարող է հանգեցնել հեռուստաընկերությունների փակմանը:
Մանրակրկիտ ուսումնասիրելով և քննարկելով հեռուստաընկերությունների կողմից ներկայացված փաստարկները, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջնորդությամբ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը որոշում է կայացրել 2024 թվականի օգոստոսի 1-ից 20-40 տոկոսով նվազեցնել հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող մարզային հեռուստաընկերությունների պայմանագրային գումարը՝ յուրաքանչյուր համար սահմանելով ամսական 200 հազար դրամ համահարթ վարձավճար։
Հարկ է նշել, որ որոշումը կայացնելիս հաշվի է առնվել նաև փոքր քաղաքների և գյուղերի բնակչության շրջանում մարզային հեռուստաընկերությունների մեծ պահանջարկը, ինչպես նաև դրանց կայուն զարգացման ռազմավարական նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար»,- ասվում է ԲՏԱ նախարարության հաղորդագրությունում: