30/07/2024 13:28
Անհրաժեշտ է Երևանում առավել արդյունավետ կազմակերպել մարդկանց կյանքի և առողջության պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված աշխատանքների իրականացումը. Կամո Ցուցուլյան
ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը Փրկարար ծառայությունում աշխատանքային հանդիպում-խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ ու վարչական շրջանների ղեկավարներ։
Օրակարգում Երևան քաղաքում քաղաքացիական և բնակչության պաշտպանության միջոցառումներին առնչվող հարցերն են եղել:
Կամո Ցուցուլյանը կարևորել է նման ձևաչափով աշխատանքային քննարկում-հանդիպումը՝ անդրադարձ կատարելով հանրապետությունում քաղաքացիական պաշտպանության դերին և նշանակությանը, ոլորտային խնդիրներին։
Հաշվի առնելով քաղաքացիական պաշտպանության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմնի և Փրկարար ծառայության որոշ գործառույթների ընդհանրությունները՝ Կամո Ցուցուլյանը նշել է, որ անհրաժեշտ է Երևան քաղաքում առավել արդյունավետ կազմակերպել մարդկանց կյանքի և առողջության, պետական և մասնավոր սեփականության նյութական և մշակութային արժեքների պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված աշխատանքների իրականացումը։
ՓԾ քաղաքացիական պաշտպանության պետ Տիգրան Պողոսյանը ներկայացրել է օրակարգային հարցերը՝ մատնանշելով ոլորտում առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները։ Անդրադարձ է կատարվել Երևան քաղաքում բնակչության պատսպարման ընդհանուր վիճակի, բազմաբնակարան շենքերի նկուղային հարկերի բարեկարգման, պաշտպանական կառույցների վերազինման, բնակչության ազդարարման և իրազեկման աշխատանքների կազմակերպման, քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումների իրականացման և օրակարգային այլ հարցերին։
Առաջարկություններով հանդես են եկել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն ու վարչական շրջանների ղեկավարները։
Կամո Ցուցուլյանը ոլորտային պատասխանատուներին հանձնարարել է առաջիկայում ակտիվացնել աշխատանքները, մասնավորապես՝ այցելություններ իրականացնել վարչական շրջաններ, կազմել աշխատանքային խմբեր և տեղում առարկայական լուծումներ գտնել առկա խնդիրներին՝ աշխատանքային խմբերում ընդգրկելով նաև համատիրությունների և այլ շահագրգիռ մարմինների պատասխանատուների։
Հանդիպման ավարտին Կամո Ցուցուլյանը պատրաստակամություն է հայտնել նախարարության որդեգրած քաղաքականությանը համապատասխան՝ շարունակել սերտ համագործակցությունը տեղական ինքնակառավարման մակարդակում՝ համատեղ իրականացնելով կանխարգելիչ միջոցառումներ՝ քաղաքացիների անվտանգության ապահովման, պատշաճ հսկողության իրականացման, բնակչության պատրաստվածության բարձրացման և հանրային իրազեկման ուղղությամբ։