30/07/2024 09:41
«Ժողովուրդ». Գնել Սանոսյանի ծնողների համար առանձնատուն կառուցելու գործընթացն օրինակա՞ն է, թե՞ ոչ. սայլը տեղից դեռևս չի շարժվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հակակառուպցիոն կոմիտեն դեռ ստուգում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ծնողների համար առանձնատուն կառուցելու գործընթացի օրինականությունը: Գրեթե երկու ամիս է անցել, ինչ նախաքննական մարմինը գործընթաց է սկսել, սակայն սայլը տեղից դեռևս չի շարժվում: Գրել էինք, որ Գնել Սանոսյանի ծնողների համար առանձնատուն կառուցելու գործընթացի օրինականությունը ստուգում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Պողոսյանը, որն անձամբ է ղեկավարում կառույցի օպերատիվ գործողությունները: Ինչպես հայտնի է` Հակակոռուպցիոն կոմիտեում «Հետքի» հրապակումից հետո ստուգումներ են սկսվել` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ծնողների առանձնատան կառուցման փաստով:
եղեկությունը ArmLur.am-ին հայտնել էին Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, որ, մինչև նախարար դառնալը արտագնա աշխատանքով զբաղվող (խոպանչի) Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում։ Սանոսյանի խոսնակ Սոնա Հարությունյանը նախարարի անունից հայտնել էր, թե առանձնատունը կառուցում են Սանոսյանի եղբայրները, և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանք է, բայց նա այդպես էլ չէր պարզաբանել՝ մինչև նախարար դառնալը, երբ Սանոսյանն էլ եղբայրների հետ արտագնա աշխատանքով էր զբաղվում, ինչու 3 եղբայր միասին չէին կարողանում մինչև 2018 թվականը մայրաքաղաքում առանձնատուն կառուցել: Հուսանք՝ այս գործը մինչև վերջ կքննվի, այլ ոչ թե մյուս աղմկահարույց դեպքերի նման «ծածկադմբոցի» կարժանանա»։