31/07/2024 18:52
Գինեկոլոգ Նարինե Ոսկանյանը՝ հղիությանը նախապատրաստվելու մասին. խորհուրդներ
Թիվ 2 բուժմիավորման գինեկոլոգ Նարինե Ոսկանյանը շատ կարևոր է համարում հղիության գրագետ պլանավորումը։ Նա խորհուրդ է տալիս զույգերին միասին քննարկել, թե երբ և քանի երեխա են մտադիր ունենալ, ինչը կօգնի որոշել հղիությունների միջև ընդմիջումները կամ կանխել հղիությունները, եթե զույգը դեռևս պատրաստ չէ երեխա ունենալ:
Առաջին հղիությունը պետք է պլանավորել 18 տարեկանը լրանալուց հետո, քանի որ դեռահաս մայրերի մոտ ավելի հաճախ են հանդիպում հղիության ընթացքի և պտղի զարգացման հետ կապված բարդություններ:
Անհրաժեշտ է նաև հղիությունները պլանավորել երկուսից հինգ տարի ընդմիջումներով: Սա այն օպտիմալ ժամանակահատվածն է, որի ընթացքում կինը կարող է վերականգնել իր ուժերը և՛ հոգեբանորեն, և՛ ֆիզիկապես ու նախապատրաստվել հաջորդ հղիությանը:
Մինչև կնոջ հղիանալը ամուսինները միասին պետք է այցելեն բժշկի։
Հղիությունը պլանավորելուց առնվազն երեք ամիս առաջ ցանկալի է այցելել ընտանեկան բժշկին կամ մանկաբարձ-գինեկոլոգին։ Խորհրդավության ընթացքում բժիշկը կհետաքրքրվի տարած կամ ներկա հիվանդություններով, կծանոթանա ընտանեկան առողջության պատմությանը, կտեղեկանա կնոջ կողմից ընդունվող դեղորայքի մասին և կբացատրի՝ ինչպիսն կարող է լինել դրանց ազդեցությունը հղիության ժամանակ, անհրաժեշտության դեպքում կկատարի լաբորատոր-գործիքային հետազոտություններ, հանրագումարում կգնահատի առողջական վիճակն ու հղիության ընթացքում սպասվող ռիսկերը։
Պետք է ստանալ անհրաժեշտ պատվաստումները։
Մինչև հղիանալն անհրաժեշտ է պարզել՝ ստացե՞լ է արդյոք ապագա մայրիկը կարմրախտի դեմ պատվաստում (դա կատարվում է 1 և 6 տարեկան հասակում) կամ կյանքի ընթացքում հիվանդացե՞լ եք այդ հիվանդությամբ։ Եթե ոչ, ապա պլանավորվող հղիությունից առնվազն 1 ամիս առաջ պետք է ստանալ ԿԿԽ կամ ԿԿ պատվաստանյութ։
Հղիության ժամանակ կարմրախտով հիվանդանալը կարող է պտղի ներարգանադային մահվան, վիժումների, կարմրախտի բնածին համախտանիշի զարգացման պատճառ դառնալ։ Դա արտահայտվում է սրտի բնածին արատով, խլությամբ և կուրությամբ։
Պետք է վարել առողջ ապրելակերպ։
Առողջ ապրելակերպի առաջին նախապայմաններից մեկը առողջ սնունդն է․ այն պետք է պարունակի բավարար քանակությամբ սպիտակուցներ, վիտամիններ և միկրոէլեմենտներ (կալցիում, յոդ, երկաթ և այլն)։ Դա կօգնի վերահսկել քաշը։ Նորմայից բարձր կամ ցածր քաշով կանայք հղիության ընթացքում կարող են ունենալ տարբեր խնդիրներ, օրինակ զարկերակային գերճնշում, այսպես կոչված հղիների դիաբետ, որոնք կբարդացնեն հղիության ընթացքը։
Պետք է սնվել օրական 4-6 անգամ, փոքր չափաբաժիններով, օրվա ընթացքում խմել 2 լ ջուր, սնունդը պետք է լինի հնարավորինս բազմազան՝ ներառելով ինչպես բուսական, այնպես էլ կենդանական ծագման մթերքներ։
Հղիությունից առնվազն մեկ ամիս առաջ կինը պետք է սկսի ընդունել 400 մկգ ֆոլաթթու (վիտ.B9) և շարունակի հղիության առաջին 3 ամիսներին։
Շատ կարևոր է ֆիզիկական ակտիվությունը։ Չափավոր ֆիզիկական վարժությունները ուժեղացնում են մկանները, նպաստում են արյան շրջանառության ակտիվացմանը, թոքերի՝ թթվածնով հագեցմանը, որը շատ կարևոր է ապագա մայրիկին սպասվող լրացուցիչ ֆիզիկական ծանրաբեռնվածությանը նախապատրաստվելու համար։
Պետք է այցելել ատամնաբույժի՝ ինչպես հղիանալուց առաջ, այնպես էլ հղիության ընթացքում՝ անհրաժեշտության դեպքում։ Բերանի խոռոչի բորբոքումները կարող են պտղի ներարգանդային վարակների պատճառ դառնալ։
Պետք է ձերբազատվել վնասակար սովորություններից․ հրաժարվել ծխախոտից, ալկոհոլից, չչարաշահել սուրճը (օրական 2-3 բաժակից ոչ ավելի), սահմանափակել շաքար պարունակող մթերքները։
Անհրաժեշտ է նաև խուսափել թունավոր, ռադիոակտիվ նյութերի, քիմիկատների հետ շփումից (միջատների, կրծողների դեմ պայքարի նյութեր, ներկեր, լուծիչներ, որոնք պարունակում են ծանր մետաղներ)՝ հատկապես, եթե դրանց հետ շփումն ունի շարունակական բնույթ՝ մասնագիտության և աշխատանքի բնույթից ելնելով։
Ցանկալի չէ նաև զբաղվել գիշերային աշխատանքով։ Առողջ քունը հղիության ընթացքում շատ կարևոր է։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ