31/07/2024 19:37
Մեր բարեկամ պետություններն են մեր անվտանգության ու շահերի համար մտահոգվում․ Դա խոսում է կառավարություն կոչվածի չգոյության մասին․ Բագրատ Սրբազան
Լրագրողների հետ զրույցում Բագրատ Սրբազանն անդրադարձավ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև երեկ կայացած հանդիպմանը։
Հիշեցնենք՝ Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումն են անցկացրել հայ-թորքական սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։
«Ինչ էլ որ տեղի ունենա, տեղի է ունենալու ի վնաս մեզ։ Այն ընթացքը, որը տեսնում ենք, ոչ մի կերպով չի նպաստում ՀՀ շահերին։ Եվ ամենակարևորը՝ մենք չգիտենք խոսակցության բովանդակությունն՝ ամբողջությամբ»,- հանդիպման վերաբերյալ ասաց Սրբազանը։
Նշենք, որ նախօրեին թուրքական կողմը «կառուցողական» էր համարել Ռուբինյանի հետ հանդիպումը, Ռուբինյանն էլ իր հերթին հայտարարել էր, թե «լավ հանդիպում» է անցկացրել Թուրքիայի ներկայացուցիչ Քըլըչի հետ։
«Այդ ձևական, տեսանելի մասը՝ սահման գնալ-գալը, սահմանային հանդիպում ունենալը, ոչ մի էական տեղեկություն չի տալիս մեզ»,- ասաց Սրբազանը։
Իշխանության պնդումներին էլ, թե «առանց նախապայմանների» է ընթանում «կարգավորման» գործընթացը, Սրբազանն արձագանքեց․
«Ի՞նչ առանց նախապայման․ ամբողջ նախապայմաններ են։ «Զանգեզուրի միջանցքի» մասին Էրդողանը չի խոսե՞լ։ Առանց նախապայմանը էլ ո՞րն է»,- ընդգծեց Սրբազանը։
Նա անդրադարձավ նաև այն փաստին, որ իրանական կողմը, ՀՀ իշխանությունների լռության ֆոնին, ստիպված ինքն է բարձրաձայնում, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը չի բխում Հայաստանի շահերից։
«Գնահատելի է, որ Իրանը, որպես մեր բարեկամ երկիր, հաստատուն կերպով անընդհատ նշում է այդ հանգամանքի մասին։ Կարծես մեր ամբողջ հույսը նաև իրենց վրա լինի՝ պաշտպանության իմաստով, խնդիրներն արծարծելու իմաստով։ Այլ պետություններն են մեր անվտանգությամբ մտահոգվում, սա խոսում է ՀՀ կառավարություն կոչվածի չգոյության մասին»,- ասաց Բագրատ Սրբազանը։